Հունական ծագում ունեցող շուրջ 20 երեխա ՀՀ տարբեր քաղաքներից մասնակցեցին Հայաստանի հունական համայնքների միության նախաձեռնած ճանաչողական ճամբարին, որը տեղի ունեցավ հուլիսի 20-22 Վանաձոր քաղաքում, Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարում:
Հույն երեխաների համար նման ձևափաչով ճամբար առաջին անգամ էր կազմակերպվում Հայաստանում: Երեխաները ճամբարում սովորեցին հունական պարեր, հունարեն խոսել և հաշվել, իմացան հին հույների պատմությունը: Խաղերի և նկարազարդման միջոցով սովորեցին Մինոտավրոսի և Թեսևսի առասպելը, ծանոթացան հին հունական աստվածներին:
Հուլիսի 21-ին ճամբարականներին այցելեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Հանրապետության նախագահին հույն երեխաները ողջունեցին Հունաստանի և Հայաստանի պետական օրհներգերով: Երեկոյան երեխաները խմբվեցին խարույկի շուրջ՝ համտեսելու հունական բուղաչա թխվածքը:
Հուլիսի 22-ին Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանն այցելեց հույն երեխաներին և մասնակցեց հավաստագրերի հանձնման արարողությանը: Սրբազանը հորդորեց հույն երեխաներին հպարտ լինել իրենց ազգային ինքնությամբ, իրենց ազգի պատմությամբ և հզոր մշակույթով:
Հիմնվելով երեխաների և հունական համայնքների անդամների դրական արձագանքների վրա՝ ճամբարը կունենա ամենամյա բնույթ:
Ծրագիրը ֆինանսավորվել էր ՀՀ Կառավարության կողմից: