Պատմություն

Հայաստանի հունական համայնքների միությունը հասարակական կազմակերպություն է, որը միավորում է Հայաստանի տարբեր քաղաքներում՝ Երևանում, Ալավերդիում, Նոյեմբերյանում, Ստեփանավանում, Վանաձորում, Գյումրում, Հրազդանում գործող հունական հասարակական կազմակերպությունները՝ համայնքները։

Միությունը, որը սկզբում կոչվում էր «Հունական հասարակական կազմակերպությունների միություն», հիմնադրվել է 1994 թվականին Ծաղկաձորում։ Հիմնադիրը եղել է Պավել Լեոնովը։ Նրան 1996 թվականին հաջորդեց Ա․ Կիլինկարովը՝ միության նախագահությունը տեղափոխելով Երևան։ Հինգ տարի հետո, 2001 թվականին Միության նախագահությունը տեղափոխվեց Ալավերդի, որտեղ գործում էր հունական մեծ համայնք։ Միությունը մինչև 2007 թվականը ղեկավարեց Նիկոլայ Ֆեոֆանովը։ Վերջինիս հաջորդեց նախագահ Արկադի Խիթարովը՝ նախագահությունը տեղափոխելով Վանաձոր։

Արկադի Խիթարովի պաշտոնավարության տարիներին մեծ թափ ստացավ հատկապես հունական երիտասարդական շարժումը։ Միության երիտասարդները բազմիցս մասնակցեցին միջազգային հունական փառատոններին, մրցույթներին, ֆորումներին։ Միությունն սկսեց իր անդամակցությունը տարբեր միջազգային հունական կառույցների։

2019 թվականի հունվարին Միության նախագահ ընտրվեց Մարիա Լազարևան։ Նույն թվականին Միությունը վերանվանվեց «Հայաստանի հունական համայնքների միություն» հասարակական կազմակերպություն։

2020 թվականին ստեղծվեց Միության երիտասարդական կազմակերպությունը՝ Հայաստանի հույն երիտասարդների կրթամշակութային միավորում «ՆԻՍԻ» հասարակական կազմակերպությունը, որը նպատակն ունի միավորել Հայաստանի հույն և հունական ծագում չունեցող հունասեր երիտասարդներին՝ հունական մշակույթի պահպանման և տարածման նպատակի շուրջ։ 

Երիտասարդական կազմակերպությունը ղեկավարում է Դիանա Սմբատյանը։

 

«Հայաստանի հունական համայնքների միություն» հասարակական կազմակերպության նպատակները․

1) միավորել Հայաստանի հունական համայնքները
2) նպաստել ազգային ինքնագիտակցության, արժանապատվության, հոգևոր և մշակութային արժեքների, հույների ազգային ավանդույթների և սովորույթների վերածննդին և պահպանմանը
3) բարիդրացիական հարաբերությունների զարգացումը հայ և հույն ազգերի միջև՝ հիմնվելով ժողովրդավարության, իրավահավասարության և ազգային արժանապատվության, հարգանքի սկզբունքների վրա
4) տարածքների, հուշարձանների, եկեղեցիների հունական պատմական անվանումների վերականգնումը
5) հունարեն լեզվի պահպանումը և ուսուցանումը նոր սերունդներին
6) ՀՀ պետական և օտարերկրյա մարմինների, կոմերցիոն և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը ազգային-մշակութային արժեքների պահպանման նպատակով

 

Բեռնել կանոնադրությունը

Եթե ունեք հունական արմատներ և ցանկանում ենք գրանցվել մեր համայնքներից որևէ մեկում, խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները այս էջում։