Ավելի քան 200 ներկայացուցիչ ամբողջ աշխարհի պոնտական միություններից հունիսի 21-23-ը մասնակցեցին ԱՄՆ-ի և Կանադայի համապոնտական դաշնության 12-րդ ամենամյա երիտասարդական փառատոնին, որը կազմակերպվել էր Նորուոլքի «Պոնտոս» համայնքի կողմից: Հայաստանի հունական համայնքների միությունը փառատոնին ներկայացնում էր Աննա Խիտարովան (Համաշխարհային պոնտական երիտասարդական համակարգող խորհրդի հայաստանյան ներկայացուցիչ):

Փառատոնի եռօրյա ծրագրում ներառված էին սեմինարներ ազգային ավանդույթների, ֆոլկլորի, երաժշտության, երգ ու պարի, թատերական ներկայացումների թեմաներով: Գեղարվեստական ծրագիրն իր գագաթնակետին հասավ շաբաթ օրը՝ «Մոմոգերոն» ազգային սովորույթի վերակառուցմամբ: Մոմոգերոն ազգային երթ-ավանդույթը մինչ օրս էլ պահպանվում է Մակեդոնիայի և պատմական Պոնտոսի գյուղերում: Փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ նաև ԱՄՆ-ի և Կանադայի համապոնտական դաշնության երիտասարդական թևի նախագահների խորհրդի ընտրությունը:

Պոնտոսի հույների ցեղասպանությանը նվիրված կարճամետրաժ «Իրական պատմություն» ֆիլմը ևս ցուցադրվեց փառատոնի մասնակիցների համար: Պոնտական երիտասարդական միությունների ներկայացուցիչները ֆիլմի հեղինակի՝ Վասիլիկի Ցանակցիդուի հետ քննարկեցին հետագա հնարավոր համագործակցությունը, ինչի առթիվ տիկին Ցանակցիդուն պատրաստակամություն հայտնեց այցելել պոնտացի հույն երիտասարդների բնակության երկրներ՝ անձամբ ներկա գտնվելու «Իրական պատմություն» ֆիլմի ցուցադրություններին:

Պոնտական երիտասարդական միությունների ներկայացուցիչները նաև ժողով հրավիրեցին՝ քննարկելու հաջորդ տարի նախատեսվող փառատոնը, որը նպատակ կունենա շարունակել պոնտական ժառանգության պահպանմանն ուղղված քայլերը և Պոնոտսի հույների ցեղասպանության հարցի միջազգային լուսաբանումը:

Leave a Reply