Յորղոս Վոլիկասը հույն կոմպոզիտոր է։ Ծնվել է 1991 թվականի սեպտեմբերի 25-ին։ Նրա առաջին ձայնասկավառակը՝ «Գենեսիսը», որն ընգրկում էր 10 ստեղծագործություն, շրջանառվել է Հունաստանում «Էլեֆթերոս տիպոս» թերթի հետ, ինչպես նաև Ստամբուլում «Էխո» և Գերմանիայում «Տրիգոնո» թերթերի հետ։
Նրա երաժշտության մեջ գլխավոր դերում դաշնամուրն ու մեղեդին են։
Կոմպոզիտորի ստեղծագործությունները հեռարձակվել են Ամերկայի, Ավստրալիայի, Կանադայի և Եվրոպայի շատ ռադիո և հեռուստակայաններից։ Բացի այդ Նյու Յորքի «Էթնիկոս կիրիքս», Մոնռեալի «The Montreal Greek Times» և Սիդնեյի «Օ Կոսմոս» թերթերը ևս անդրադարձել են կոմպոզիտորի ստեղծագործություններին։
Ստեղծագործությունները կենդանի հնչողությամբ կատարվել են Աթենքի «Մեղարո Մուսիկիս»-ում։
Յորղոս Վոլիկասը գրել է երաժշտություն թատերական ներկայացումների, ինչպես նաև բռնության ենթարկված կանանց և երեխաների՝ «Բարի սամարացի» ասոցացիայի գովազդային քարոզարշավի համար։
Նրա «Գենեսիս» կոմպոզիցիան հնչել է նաև հունական EPT1 հեռուստաընկերության «Με Αρετή και Τόλμη» հաղորդման ժամանակ։
Կոմպոզիտորի հավատամքն է․ «Ստեղծագործողը չի ընտրում իր ներշնչանքի պահը, այլ ներշնչանքն է ընտրում, թե երբ հայտնվի և արդյոք հայտնվի ստեղծագործողին, թե՝ ոչ»։
Պաշտոնական կայք: giorgosvolikas.gr
Հարցազրույցը՝ Մարիա Լազարևայի
-«Գենեսիսը» առանձնահատուկ խորագիր է ձայնասակավառակի համար։ Ի՞նչ է այն Ձեզ համար խորհրդանշում։
-Նախ կուզեի շնորհակալություն հայտնել ընձեռած հնարավորության համար, որ իմ առաջին անհատական ձայնասկավառակը կշրջանառվի Հայաստանում «Իլիոս» թերթի հետ։
Այդ խորագիրը մեծ հաշվով խորհրդանշում է իմ առաջին սկավառակագրական աշխատանքի սկիզբը։ Իսկ վերնագիրը նույնը կընտրեի, եթե անգամ ժամանակը ետ տայի։
Լսելով «Գենեսիսը» կոմպոզիցիան՝ կնկատեք, որ կան բավական զանազան ռիթմային փոփոխություններ։ Այդ «փոփոխությունները» լիովին նման են այս ձայնասկավառակի ամբողջականացման ընթացուղուն։ Այդ «ընթացուղին» երբեմն հեշտ էր, երբեմն էլ՝ դժվար։ Սակայն հաջողվեց մի արդյունք, որն այսօր ինձ է ներկայացնում աշխարհին։
-Ամռանը Պորոս կղզում էիք, որտեղ ներկայացրիք Ձեր ձայնասկավառակը և Ձեր ևս մի նոր ստեղծագործությունը։
-Իբրև խոստովանանք նշեմ, որ շատ գեղեցիկ փորձառնություն էր։ Համերգի վերջում առաջին անգամ ներկայացրի իմ նոր գործը, որը կոչեցի «Պորոս» է։ Այն պահին ինքնաբերաբար որոշեցի այդպես վերնագրել։
Իմ ցանկությունն ստեղծագործություններիս միջոցով ունկնդրի համար պատկերներ և ապրումներ ստեղծնելն է։ Ամենամեծ վարձրատրությունն ինձ համար կլինի այն, որ ունկնդիրը կարողանա «սուլել» իմ ստեղծագործություններից մի հատված, չնայած որ երաժշտությունս խոսքերից չի բաղկացած։
Կցանկանայի շնորհակալություն հայտնել պարոն Բաբիս Կանացիդիսին «Պորոս Արտ» փառատոնին մասնակցելու հրավերի համար։
-Ստեղծագործական ի՞նչ շրջանում եք հիմա։ Երկրորդ ձայնասկավառակն արդյոք իրեն երկար կսպասեցնի։
-Արդեն տևական ժամանակ է, որ ստեղծագործում եմ երկրորդ ձայնասկավառակիս համար։ Պարբերական ձայնագրում եմ նոր գործեր, սակայն կարծում եմ՝ ապագա ձայնասկավառակը դեռ գտնվում է իր վաղ շրջանում։ Ինձ դուր են գալիս հաստատուն քայլերը և ոչ թե կտրուկ գործողությունները։
Իմ առաջիկա համերգներին կներկայացնեմ էլ ավելի շատ նոր գործեր, որպեսզի տեսնեմ, թե ինչ ազդեցություն ունեն դրանք հանրության վրա։ Մարդիկ ինձ «ցույց կտան», թե որ գործերն են արժանի, և որոնք՝ ոչ՝ նոր ձայնասկավառակում ընդգրկվելու։
-Ի՞նչ կարծիք ունեք Հունաստանում երաժշտարտադրության մասին․
-Կարծում եմ, որ երաժշտարտադրությունը Հունաստանում լավագույն ժամանակներն անցյալում է ապրել։ Սակայն մեր ձեռքին է ղեկը երաժշտությունը տանելու այնտեղ, որտեղ նա արժանի է։
Անկասկած, ունենք բացառիկ երաժիշտներ, կոմպոզիտորներ, բանաստեղծներ և երգիչներ մեր երկրում։ Նրանցից որոշներին ճանաչում ենք, սակայն մյուսները տարբեր պատճառներով դեռ չբացահայտված են։
Իմ կարծիքով շատ կարևոր է հնարավորություն ընձեռնել այն մարդկանց, ովքեր ցանկանում են ցույց տալ իրենց գործը։ Նկատի չունեմ միայն արվեստում, այլ ոլորտներում ևս։
Անձամբ գերադասում եմ երաժշտություն գրել այն ժամանակ, երբ զգամ, որ «ասելու բան ունեմ» և ոչ թե «որովհետև ինձանից խնդրում են, կամ պետք է»։ Երանի Աստված ինձ արժանի համարի, և երաժշտությունս մնա ժամանակների մեջ։
Այս առիթով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կոմպոզիցիայի իմ ուսուցչին՝ պարոն Յանիս Անինոսին, և խմբանվագագրության ուսուցչիս՝ պարոն Ստավրոս Կարտակիսին, իմ երաժշտական զարգացման և ուղու մեջ իրենց նշանակալի ներդրման համար։
-Կցանկանայի՞ք ապագայում ինքներդ ներկայացնել Ձեր ձայնասկավառակը Հայաստանում։
-Ինձ համար մեծ պատիվ կլիներ։ Ինձ համար մարտահրավեր է ամեն անգամ դաշնամուրի վրա ներկայացնել իմ երաժշտությունը ինձ բացարձակ չճանաչող հանրությանը։ Հեշտ չէ։ Սակայն անծանոթ հանրության դեպքում ես հասկանում՝ արդյոք քո երաժշտությունը դուր է գալիս, թե՝ ոչ։
Ամոփոփելով մեր ծանոթությունը՝ կցանկանայի Ձեզ շնորհավորել այն կարևոր առաքելության համար, որ անում եք, ինչպես նաև հունարենի տարածմանն ու պահպանմանն ուղղված Ձեր ջանքերի համար։
Շնորհակալություն Ձեր աջակցության համար։