Սեպտեմբերի 28-ին Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում Հայաստանի լեհական համայնքը և Հունական համայնքների միությունը Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի կենտրոնում հյուրերին ներկայացրին իրենց ազգային երգ ու պարը։

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլան, Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը, Հունաստանի դեսպանի խորհրդական Դիմիտրիս Ֆելոպուլոսը, Հունաստանի դեսպանատան ռազմական կցորդ Դիմոսթենիս Սիմեակիսը տիկնոջ ուղեկցությամբ և Լեհաստանի դեսպանատան  ռազմական կցորդ Քշիշտոֆ Միկոլայեկը, ինչպես նաև երկու համայնքների անդամներ, ուրիշ հյուրեր։ Հյուրերին ողջույնի խոսք ասաց Ժողովրդական արվեստի կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանը։

Համերգի ժամանակ հնչեցին ազգային և էստրադային երգեր լեհական համայնքի երգչախմբի և հունական համայնքի անդամ Գրիգոր Գալաջյանի կատարմամբ, իսկ Շիրակի հույներ համույթը ներկայացրեց հունական ազգային պարեր։