Հոկտեմբերի 4-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցավ Արցախում ապրող ազգային փոքրամասնությունների հարցերի վերաբերյալ կլոր սեղան-քննարկում, որին ներկա էին  ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը,  Արցախի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Աշոտ Սարգսյանը, ՀՀ վարչապետին առընթեր ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի համակարգող-քարտուղար Նարինե Գուլյանը, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների ազգային փոքրամասնությունների համայնքների նախագահներ, ներկայացուցիչներ, պետական ու հասարակական կառույցների պատասխանատուներ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արցախի ազգային փոքրամասնությունների խնդիրները և պահանջները։

-Խնդիրներից մեկը հունական Մեհմանա գյուղի ճանապարհի նորոգմանն է վերաբերում, որը նաև ռազմավարական նշանակություն ունի մեր պետության համար,- բարձրացված հարցերից առանձնացրեց Արցախի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի վարիչ Աշոտ Սարգսյանը,- կամ, ինչպես ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը նկատեց՝ հայ-հունական բարեկամության և զբոսաշրջության կենտրոն ստեղծելու անհրաժեշտություն է զգացվում: Ոչ պակաս կարևոր է նաև գրասենյակի վերանորոգման հարցը: Իսկ ռուսական համայնքի խնդիրների համատեղ քննարկումը, կարծես թե, լուծման ճանապարհը նախանշեց:

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 5-ին, Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի բակում կայացավ «Արցախը մեր տունն է» խորագրով Արցախի ազգային փոքրամասնությունների փառատոնը:
Արցախում ապրող հունական, ռուսական, բելառուսական, ուկրաինական և այլ ազգերի ներկայացուցիչները առանձին տաղավարներում ցուցադրեցին իրենց ազգային խոհանոցը, այցելուներին հյուրասիրեցին ազգային ուտեստներով:

Արցախի հունական համայնքը Հայաստանի հունական համայնքների միության հետ համատեղ ներկայացրեց հունական ազգային խոհանոցից երկու ճաշատեսակ՝ բուղացա և պաստիցիո և  ազգային պարեր՝ սիրտակի և լեցի։

 

Արցախում ապրում են ազգային փոքրամասնությունների 400 ներկայացուցիչներ, որոնցից պաշտոնապես գրանցված են միայն ռուսական և հունական համայնքները: