Հոկտեմբերի 12-13-ը Աթենքում կայացավ «Աշխարհն առանց սահմանների․ Իմ Հունաստան» մանկական նկարչական մրցույթի վերջին ընտրական փուլը, որին մասնակցում էին 14 երեխա 7 երկրից։
Մրցույթի առաջին փուլին մասնակցել էին շուրջ 340 երեխա աշխարհի այն երկրներից, որտեղ կան հունական համայնքներ։ Առաջին փուլը հաղթահարած 14 հաջողակներ հնարավորություն ունեցան Աթենքի Զապպիո սրահում անձամբ ներկայացնել իրենց աշխատանքները, պատմել իրենց մասին։
14 տաղանդավոր երեխաների թվում էր նաև Հայաստանից 14-ամյա Արմեն Քոսոյանը իր «Հունական արձակուրդ» աշխատանքով։
Մրցույթի երկրորդ փուլում իրենց տաղանդով աչքի ընկան Ռուսաստանի, Հունաստանի և Ադրբեջանի մասնակիցները։
Հոկտեմբերի 13-ին փոքրիկ նկարիչները հնարավորություն ունեցան պատկերելու Պոսեյդոնի տաճարը և Էգեյան ծովը Սունիոնի բարձունքից։
Մրցույթը կազմակերպվել էր Ռուսաստանի հույների ազգային-մշակութային միության կողմից «Հունաստանում և Ռուսաստանում լեզվի և գրականության տարի․ 2019-2020» նախագծի շրջանակներում՝ «Իվան Սավվիդի» բարեգործական ֆոնդի աջակցությամբ։
Գեղանկարչական աշխատանքների քննական ժյուրիի կազմում էին նկարիչների ռուս-հունական միության նախագահ Պավլոս Արզումանիդիսը, Գեղարվեստի ռուսական ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Նեստերովը, «Делаем мир цветным» ստեղծագործական միության ղեկավար Եվգենիա Նեստերովան, «Территория таланта» տաղանդի զարգացման կենտրոնի տնօրեն Օլգա Զվոնարյովան, «Дети Ростова-на-Дону рисуют Ростов» նախագծի ղեկավար Ալեքսանդր Սվետլիչնին, ծաղրանկարիչ Յորղոս Բոցոսը, գեղանկարչուհիներ Մարինա Ստելատուն և Ռենա Մանֆու-Կուցուդին և Սալոնիկի մանկական թանգարանի տնօրեն, գրող Վանգելիս Իլիոպուլոսը։