Փետրվարի 9-ը հույն մեծ բանաստեղծ, Հունաստանի ազգային հիմնի հեղինակ Դիոնիսոս Սոլոմոսի հիշատակի օրն է, և պատահական չէ, որ 2017 թվականին այդ օրը հռչակվեց Հունարենի համաշխարհային օր։ Այդ օրը աշխարհի տարբեր երկրներում, որտեղ կա հունական սփյուռք և որտեղ դասավանդվում է հունարեն, կազմակերպվում են միջոցառումներ՝ նվիրված հունարենին։
Հունարենի համաշխարհային օրվա շրջանակներում Սև ծովի և Կենտրոնական Ասիայի շրջանի երկրների հույն երիտասարդների համակարգող խորհուրդը Մարիուպոլի պետական համալսարանի հունական բանասիրության և թարգմանչության ֆակուլտետի հետ համատեղ կազմակերպել էր համաշխարհային ֆլեշմոբ, որին մասնակցելու համար աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդիկ տեսանյութեր էին ուղարկում, որտեղ արտաբերում էին այն բազմաթիվ բառերից մի քանիսը, որոնք հունարենը տվել է մարդկությանը։ Հայաստանի հույները և հելլենասերները ևս մասնակցեցին ֆլեշմոբին՝ նկարահանելով մի շարք տեսանյութեր, որոնց անդրադարձան նաև հունական ԶԼՄ-ները։
Հունարենի օրվա շրջանակներում փետրվարի 9-ին Հայաստանի հունական համայնքների միությունը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կազմակերպեց գրական միջոցառում, որին ներկա էին Հայաստանում Հունաստանի դեսպանության ներկայացուցիչները, հունական համայնքների անդամները և այլ հյուրեր։ Միջոցառումը նպատակ ուներ հայերեն հնչեցնելու հույն մեծ բանաստեղծների ստեղծագործությունները, հատվածներ Գրականության Նոբելյան մրցանակի արժանացած հույն գրողների ճառերից։
Ինչպես միջոցառման ընթացքում նշվեց, մենք բախտավոր ենք, որ խոսում ենք հայերեն, քանզի հայերենի ճոխ բառապաշարը թույլ է տալիս բնագրին հնարավորինս հարազատ թարգմանելու 25 և ավելի դարերի պատմություն ունեցող լեզուն։ Հունարեն հնչեցին Յանիս Ռիցոսի, Օդիսեաս Էլիտիսի, Կիկի Դիմուլայի, Կոստանդինոս Կավաֆիսի, Մենելաոս Լուդեմիսի ստեղծագործությունները և դրանց հայերեն թարգմանությունները (թարգմանիչներ՝ Շուշան Կարապետյան, Շամրիկ Խաչատրյան և Մարիա Լազարևա)։
Հյուրերը դիտեցին նաև հունական խասապիկո պարը (պարուսույց՝ Դիանա Սմբատյան) և ունկնդրեցին հունական ժամանակակից երաժիշտներից մեկի՝ Բաբիս Ստոկասի Κι έμεινα εδώ ստեղծագործությունը՝ Սամվել Բիրինյանի կիթառային կատարմամբ։
Միջոցառման ավարտին Հայաստանում Հունաստանի դեսպանության ներկայացուցիչները շրջեցին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում և ծանոթացան հայ մեծ նկարչի ստեղծագործություններին տիկին Ռուզան Սարյանի մեկնաբանությամբ։