1919թ․ մայիսի 19-ին Մուստաֆա Քեմալը` հանրապետական Թուրքիայի ապագա առաջին նախագահը, ուղևորվեց Պոնտոս, որից հետո էլ հակահունական քաղաքականությունը հասավ իր գագաթնակետին և պոնտացի հույների ճակատագիրը թևակոխեց իր ամենաողբերգական փուլը:
1994 թվականից սկսած ամեն տարի մայիսի 19-ին աշխարհի տարբեր ծայրերում և Հայաստանում ապրող պոնտացիները հիշատակի երթեր և միջոցառումներ են կազմակերպում՝ նվիրված Թուրքիայի կողմից դեռևս չճանաչված ցեղասպանությանը:
Այս տարի պոնտացի հույների ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Հայաստանի հունական համայնքների ներկայացուցիչները, ՀՀ պետական այրերի և Հայաստանում Հունաստանի դեսպանության ներկայացուցիչների հետ հիշատակի երթ կատարեցին դեպի Ցեղասպանության հուշահամալիր, որտեղ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը հոգեհանգստի կարգ իրականացրեց անմեղ զոհերի հիշատակին:
Ելույթ ունեցավ ՀՀ Ազգային ժողովի նախագահի նախկին տեղակալ էդուարդ Շարմազանովը, նշելով, որ այս օրը հիշատակի օրվանից բացի, նաև վերածննդի օր է, որովհետև մենք ականատեսն ենք երկու հայկական և երկու հունական պետությունների, որոնք հավասարապես ճանաչել են և՛ հայերի և և՛ պոնտացի հույների ցեղասպանությունները:
Հիշատակի երթի մասնակիցներին ողջույնի խոսք հղեց նաև Հայաստանի հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարևան․ «Պոնտացի հույների ցեղասպանության պատմությունը, ցավոք, հայերին շատ ծանոթ է: Ոճրագործը նույնն է, նույնն է նաև ոճրագործության ձևը, և որ ամենացավալին է, երկու ցեղասպանություններն էլ ճանաչված չեն այն իրագործողի կողմից: Շուրջ 350 հազար և ավելի պոնտացի հույն զոհ գնացին թուրքական իշխանությունների եղեռնագործությանը, սակայն վստահ եմ, որ ոչ մի թիվ չի կարող ընդգրկել այն ցավը, որը կրել է հույնը իր հայրենազրկման և կոտորածի ճանապարհին: Հետևաբար, այսօր ցեղասպանության զոհերին հիշատակելուց զատ մենք պետք է խոստանանք ինքներս մեզ և մեր նախնիներին, որ այսուհետ մեր բոլոր քայլերն ուղղված են լինելու արդարության վերականգնմանը»:
Ելութներից հետո երթի մասնակիցները ներկա եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում պոնտացի հույների կենցաղին, պատմությանը և ցեղասպանության ուսումնասիրություններին նվիրված ցուցահանդեսի բացմանը, որի ժամանակ ներկաներին ողջույնի խոսք ասաց թանգարանի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Ցուցահանդեսին հաջորդեց պատմական գիտությունների թեկնածու, ցեղասպանագետ Գևորգ Վարդանյանի ելույթը պոնտացի հույների ցեղասպանության թեմայով, ով կարևոր զուգահեռներ անցկացրեց հայոց և հույների ցեղասպանությունների միջև՝ այդ կերպ ավելի ընդգծելով թուրքերի հակաքրիստոնեական, ժխտողական քաղաքականությունը:
Հանդիպման վերջում ներկաները հնարավորություն ունեցան դիտելու հունական Livemedia ընկերության պատրաստած «Պոնտոս: Մեծ ժամանակները» փաստագրական ֆիլմը, որը հայերեն է թարգմանվել Հայաստանի հունական համայնքների միության կողմից: