Սեպտեմբերի 20-ին Ալավերդու մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ տոնական համերգը։ Մեկ բեմում առաջին անգամ միավորվել էին Հայաստանի հունական համայնքների միության երեք ստեղծագործական խմբերը՝ Ալավերդու հունական համայնքի «ԱԿՄԻ» մանկական երգչախումբը, «ԿԱԼԼԻՈՊԵ» պրոֆեսիոնալ երգչախումբը և «ՆԻՍԻ» հունական ազգային պարի խումբը։
Համերգն ամփոփում էր խմբերի՝ տարվա ընթացքում մշակված հարուստ ռեպերտուարը։ Հանդիսատեսը վայելեց հայերեն և հունարեն բազմաժանր կատարումներ «ԱԿՄԻ» (գեղարվեստական ղեկավար՝ Գոհար Ավլաստիմովա) և «ԿԱԼԼԻՈՊԵ» (գեղարվեստական ղեկավար՝ Գոհար Ավլաստիմովա, խմբավար՝ Արմինե Ղազանչյան) երգչախմբերի մատուցմամբ, ինչպես նաև հունական ավանդական պարերի բեմադրություններ «ՆԻՍԻ» խմբի կողմից (պարուսույց՝ Դիանա Սմբատյան)։
Հատկանշական է, որ «ԱԿՄԻ» մանկական երգչախումբն ու «ՆԻՍԻ» պարի խումբը ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման դրամաշնորհային ծրագրի շահառուներ են, և խմբերի ինքնատիպ բեմական տարազները պատրաստվել են հենց պետական աջակցությամբ։ Այս համերգն իրականացվել է «Պարի դասավանդումը և ցուցադրումը՝ որպես Հայաստանի հույների ինքնության պահպանման ձև» ծրագրի շրջանակում՝ ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ։ 
Միջոցառման հյուրերի թվում էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Ալավերդու մշակույթի կենտրոնի տնօրեն Հասմիկ Վերանյանը, Սանահին վանական համալիրի հոգևոր հովիվ Տեր Մասիս քահանա Առաքելյանը, Հայաստանի հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարիդուն, ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի ներկայացուցիչ Վանատուր Շերենցը, Հունաստանից գործուղված ուսուցիչ Աթանասիոս Գուձելասը, հունական համայնքների ղեկավարներ, անդամներ, ուսուցիչներ և տեղի բնակիչներ։
Միջոցառման ավարտին շնորհավորական և երախտիքի խոսքով հանդես եկավ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ բարձր գնահատելով մասնակիցների վարպետությունն ու ազգային մշակույթի պահպանմանն ուղղված հետևողական աշխատանքը։