Ապրիլի 15-ից հունիսի 15-ը Հայաստանի հունական համայնքների միություն ՀԿ-ն ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ հաջողությամբ իրականացրեց «Տարազներ Ալավերդու հունական համայնքի երգչախմբի համար» ծրագիրը։ Ծրագրի նպատակը մասնագետների օգնությամբ պատրաստված հունական տարազների միջոցով Ալավերդու համայնքի երգչախմբի հունական թեմատիկայով բեմական տեսքի ապահովումն էր, որն իր հերթին կնպաստեր հունական մշակույթի՝ Հայաստանում ըստ արժանվույն պահպանմանն ու տարածմանը։ Ծրագրի շահառուները հունական երգչախմբի 15 սաներն են՝ 12 աղջիկ և 3 տղա։ Մենք շեշտը դրեցինք հատկապես Ալավերդու հունական համայնքի մշակութային գործունեությանը նպաստելու վրա, քանզի Հայաստանի հույները մեծ թիվ են կազմում հենց Ալավերդիում և նրա շրջակա գյուղերում։

Հայաստանի հունական համայնքը, համագործակցելով տարազի մասնագետների հետ, գտավ պոնտական տարազի վերարտադրման հնարավոր նման և մատչելի լուծում։ Հաշվի առնելով, որ տարազները նախ և առաջ բեմական ելույթների համար են և ստեղծված են երեխաների համար, որոշեցինք դրանք կարել ավելի ակտիվ գույներով՝ զարդարելով դրանք հունական նախշերով և աքսեսուարներով։

Չնայած, որ ծրագիրն իրականացվում էր արտակարգ իրավիճակի օրերին, ամենայն պատասխանատվությամբ պահպանելով անվտանգության կանոնները, հնարավոր եղավ ծրագրի հաջող և անվտանգ իրականացումը, ինչի արդյունքում Ալավերդու հունական համայնքի երգչախմբի սաներն արդեն ունեն բեմական ներկայանալի հագուստ և  պատրաստ են Հայաստանում արժանի ներկայացնել հունական մշակույթը։

Մեզ համար շատ կարևոր է այն գիտակցումը, որ մեր պետության համար տնտեսապես դժվարին այս իրավիճակում մեզ՝ որպես Հայաստանում ապրող ազգային փոքրամասնության, հնարավորություն տրվեց մեր մշակույթի պահպանմանն ուղղված ծրագիր իրականացնել։