Անունս Էլեն է: «Էլինիդա» նշանակում է հույն կին, և կարծում եմ պատահականություն չէ, որ մասնակի համընկնում է իմ անվան հետ, քանի որ Հունաստանը Հայաստանից հետո համարում եմ իմ սրտի հայրենիքը: Առաջին այցելությունս եղել է 2011-ին Կրետե կղզի, հետո՝ 2014, 2015, և այդպես շարունակ․․․ Մինչև նույնիսկ 2020-ի փետրվար, երբ մազապուրծ հասցրեցի մի քանի օրով կրկին գնալ այնտեղ` նշելու ծննդյանս տարեդարձը: Ամեն անգամ Հունաստան այցելելիս սերս նրա նկատմամբ  դառնում է ավելի ու ավելի խորը, ես կասեի՝ նույնիսկ անսահման: Սիրում եմ հույների մշակույթը, արվեստը, տեսարանները, եղանակը, մարդկանց, ուտելիքը, երաժշտությունը, հյուրընկալությունը…. Մի խոսքով ամեն ինչ: Ճանաչում եմ մարդկանց, որ չեն հասկանում այդ ի՞նչն եմ այդքան հավանում Հունաստանում, առավել ևս, երբ իրենք այցելում են Աթենք և սկսում «բետոնե» Աթենքը համեմատել եվրոպական այլ քաղաքների հետ: Այո՛, հավանում եմ «բետոնե», ոչ շքեղ ճարտարապետությամբ Աթենքը (եթե համեմատենք Հռոմի և այլ քաղաքների հետ), որովհետևն այն ունի հոգի, տրամադրություն, պատմություն, բազմազանություն, ջերմություն, կյանք և ի վերջո՝ հունական հասկացություն κέφι, որը չունի թարգմանություն, որովհետև դա բնորոշ է միայն նրանց: Կարճ ասած՝ դա մեր՝ հայերիս «քեֆ» հասկացությունն է: Ասում են՝ այն մարդիկ, ում սրտի մեջ Հունաստանը մտնում է և երբեք դուրս չի գալիս, ուրեմն նրանք հասկացել և տեսել են այդ երկրի κέφι -ն։

Հունաստանում շատ տեղեր, ցավոք, դեռ չեմ հասցրել այցելել, բայց անպայման փորձելու եմ հնարավորինս ընդլայնել այցելվող քաղաքների և կղզիների քանակը, եթե իհարկե չստացվիթեկուզ որոշ ժամանակող ապրել այնտեղ:

Երբ պլանավորում եմ իմ հերթական այցը Հունաստան, անհամբերությամբ սպասում եմ թռիչքիս օրվան: Եվ երբ արդեն օդանավն իջնում է Հունաստանում, անբացատրելի հրճվանքով է լցվում ներսս, կարծես եկել եմ իմ հայրենիք, որտեղից իրականում հեռու եմ ապրում…

Հուսով եմ՝ շուտով կվերջանա այս տարօրինակ իրավիճակը ամբողջ աշխարհում, և ես կրկին կվերապրեմ այդ նույն անբացատրելի հրճվանքի զգացումը:

 Քանի որ իմ առավել հաճախ այցելած վայրը այս պահին Աթենքն է, ապա կփորձեմ տալ որոշակի tip-եր՝ խորհուրդներ, Աթենքի, ինչպես նաև ամբողջ Հունաստանի հետ կապված: Համոզված եմ՝ ցանկը շատ ավելի երկար է, բայց այս պահին բավարարվենք այսքանով, հետո հնարավոր են լրացումներ և խմբագրումներ:

  • Ամենուրեք փորձեք խոսել հունարեն, քանի որ այդպես հույները իրենց շոյված են զգում,
  • Աթենքի օդանավակայանից 8-10 եվրոյով ավտոբուսով կամ մետրոյով կարող եք հասնել քաղաքի կենտրոն կամ այլ թաղամասեր,
  • Աթենքի տրանսպորտում, համենայն դեպս ինձ մոտ, չեն ստուգել տոմսի առկայությունը, սակայն միշտ մոտս տոմս եմ ունեցել: Սակայն մետրոյի համար պարտադիր է տոմսը, այլապես ներս չես կարող մտնել: Առկա են բոլոր տրանսպորտային միջոցներից հինգ օր անսահմանափակ օգտվելու 9 եվրո արժողությամբ տոմսեր (չեն տարածվում օդանավակայանի շարժվող ավտոբուսների վրա),
  • Մոնսատիրակի հրապարակի ամբողջ շրջակայքում կան բազմաթիվ բարեր և ռեստորաններ Ակրոպոլիսի շքեղ տեսարանով, որոնք, իմ կարծիքով, պարտադիր է այցելել: Կա նաև մատչելի տավերնա («Savvas»), որի 2-րդ հարկում կա նույն տեսարանով պատուհան: Նույն տեսարանը՝ տարբեր գներով։ Սեփականատերը, ի դեպ, հայազգի է:
  • Մոնաստիրակիով անցնելիս և դեպի վերևի հատված բարձրանալիս կա մի հրաշալի թաղամաս, որի անունը Անաֆիոտիկա է: Այն շատ է հիշեցնում հունական կղզիները, որովհետև ունի սպիտակ տներ և նեղ փողոցներ;
  • Շաբաթ-կիրակի և տոն օրերին նավահանգստով ինչ-որ կղզի գնալիս, անպայման դուրս եկեք ավելի վաղ, որովհետև կարող եք  նավահանգսի ճանապարհին մեծ խցանումների մեջ ընկնել:
  • Հունաստանում տրանսպորտով ցանկացած տեղաշարժման համար կարող եք օգտվել «Moovit» հավելվածից, որն աշխատում է միայն ինտերնետի առկայությամբ՝ ի տարբերություն «Maps me» հավելվածի:
  • Եթե տաքսի ծառայությունից օգտվելու անհրաժեշտություն լինի, կարող եք ներբեռնել «Beat» հավելվածը:
  • Համեմատաբար բարձրակարգ ռեստորանում ընթրելուց հետո մի՛ շտապեք քաղցրավենիք պատվիրել, քանի որ նման ռեստորաններում հենց իրե՛նք ձեզ կհյուրասիրեն։
  • Եթե նստում եք սրճարանում, և մատուցողը շշով ջուր (վճարովի) է բերում ձեզ համար, ապա կարող եք խնդրել հետ վերցնեն և բերեն հասարակ ծորակի ջուր (անվճար),
  • Անպայման խմե՛ք Aegean Negroni կոկտեյլը, ցանկալի է Clumsies բարում, բայց կարելի է հարցնել նաև այլ տեղերում, գուցե գտնեք: Այս կոկտեյլը 2019-ին ճանաչվել է աշխարհի լավագույն կոկտեյլներից մեկը:
  • Այցելե՛ք տեղի բուզուկիաներից որևէ մեկը, որտեղ ելույթ են ունենում հայտնի երգիչները։ Հունաստանի կոլորիտը զգալու համար ցանկալի է գոնե մեկ անգամ հայտնվել նման տեղերում։ Սեղանի շուրջ նստելու համար պետք է վճարեք մոտավորապես 160 եվրո, կարող եք գնալ 4-5 ընկերներով և գումարը կիսել միմյանց միջև։ Արժեքը ներառում է 1 շիշ ալկոհոլային խմիչք և ըմպելիքներ: Կա նաև ծրագիրը կանգնած դիտելու տարբերակ, որի համար կվճարեք 15 եվրո որևէ 1 կոկտեյլի համար։ Սա, իհարկե, հոգնեցուցիչ կլինի ամբողջ գիշերվա համար: Ծրագիրը սկսվում է բավականին ուշ, մոտավոր ժամը 1-ին և ավարտվում միայն լուսադեմին, իսկ տեղերը պետք է նախապես ամրագրել: Ի դեպ, բուզուկիայում ափսեներով մեխակներ են վաճառում, որոնք կարող եք գնել և նետել երաժիշտների կամ նույնիսկ լավ պարող մարդկանց ուղղությամբ։
  • Պարտադիր այցելե՛ք ծովի մոտ գտնվող որևէ ակումբ։ Մուտքի վճարի պայմանները գրեթե նույնն են ինչ բուզուկիայում: Ծրագիրն այստեղ դարձյալ սկսում է բավականին ուշ, իսկ հույները «կբարեհաճեն» պարել միայն առավոտյան ժամը 3-4 կողմերը, երբ դուք արդեն երևի տանը քնած կլինեք,
  • Ես նկատել եմ, որ հույները թեյավճար թողնելու ավանդույթ չունեն: Իմ տեսած թեյավճարը առավելագույնը եղել ե 1 եվրո,
  • Աթենքում ապրելու դեպքում բնակության վայրը ընտրեք ծովի և կենտրոնի միջև ընկած որևէ թաղամաում, որ մոտ լինեք տեսարժան վայրերին (օրինակ Պալյո Ֆալիրո),
  • Հույն տղամարդիկ, երբ ցանկանում են հյուրասիրել կողքի սեղանի կանանց, ուղարկում են խմիչք (ուզո կամ որևէ այլ բան), ոչ թե միրգ: Այնպես որ չզարմանաք և չվիրավորվեք;
  • Երբեք չասե՛ք Մակեդոնիա երկրի անունը հույների մոտ։ Սա հույների համար ցավոտ թեմա է։

Καλό ταξίδι

 

Խորհուրդներով և տպավորություններով կիսվեց Էլեն Հախվերդյանը