Նոյեմբերի 17-ին Վրաստանի հունական համայնքների միության կողմից Թբիլիսում հյուրընկալվել էին պոնտական պարերի և տարազի բացառիկ մասնագետներ Պանայոտիս Կիրմանիդիսը և Բաբիս Կիրմանիդիսը։ Վրաստանի հունական համայնքների միության նախագահ Էվգենիա Կոտանիդիի հրավերով պոնտական մշակույթին նվիրված վարպետության դասին ներկա էին նաև Հայաստանի հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարևան և Միության ներկայացուցիչներ։
Վարպետության դասին հյուրերը տեսաֆիլմի միջոցով ցուցադրեցին պոնտական պարերի պատմությունն ու տարածումը, ապա ամփոփ դասախոսությամբ ներկայացրին պարային շարժումների նշանակությունը։ Բաբիս Կիրմանիդիսը հենց տեղում ցուցադրեց պոնտացի կնոջ և տղամարդու ազգային տարազները, դրանց պատրաստման ու կրելու նշանակությունը։ Մասնակիցներն առիթ ունեցան տեսնելու գործվածքն ու զարդերը, ինչպես նաև անձամբ փորձելու տարազները։
Դասի տեսական մասին հաջորդեց գործնականը, և Վրաստանի և Հայաստանի հունական համայնքների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան Պանայոտիս Կիրմանիդիսի գլխավորությամբ և Բաբիս Կիրմանիդիսի պոնտական լիրայի նվագակցությամբ սովորել պոնտական պարերի հիմնական շարժումները։
Հարևան երկու երկրների հունական համայնքների միությունների նախագահները վստահորեն նշեցին, որ այսպես հիմք է դրվում երկու Միությունների միջև կայուն համագործակցության համար, իսկ Պանայոտիս և Բաբիս Կիրմանիդիսները սիրով խոստացան, որ առաջիկայում նմանօրինակ մշակութային-ճանաչողական միջոցառում կարող են ակնկալվել նաև Հայաստանում։