Ժամանակակիցները հիշում են, որ դեռևս 1989 թվականին Հանքավան գյուղում ապրում էին 250 հույն։ Այսօր գյուղում մնացել են ընդամենը երեք հունական ընտանիք։  Հանքավանի 19-20-րդ դարերի գերեզմանոցը վառ վկայությունն է այն բանի, թե որքան մեծաթիվ են եղել հույներն այս գյուղում։ Հույներին պատկանող գերեզմաններին կանգնեցված են տիպիկ հունական ոճի դամբարանաքարեր, ըստ երևույթին, պատրաստված հույն վարպետների կողմից։

Սակայն Հանքավանի հունական հետքի ամենացայտուն վկայությունը Այոս Գեորգիոս՝ Սուրբ Գևորգ եկեղեցին է, որը կառուցվել է 1850-1890-ական թվականներին։ Եկեղեցին տիպիկ հայկական պարզ ուղղանկյունանիստ հիմքով, երկթեք թաղակապ տանիքով շինություն է, սակայն ներսի արևելյան մասը հարմարեցված է ուղղափառ եկեղեցիների խորաններին։

Ըստ պատմական հիշատակությունների՝ եկեղեցին գործել է մինչև 20-րդ դարի սկիզբը, ժամանակին նույնիսկ վերանորոգվել է տանիքը։ Այժմ եկեղեցին չի գործում, սակայն եկեղեցու մաքրության պատասխանատվությունն իր ուսերին է վերցրել ազգությամբ հույն Նատալիա տատիկը։ Եկեղեցին այժմ գտնվում է Կոտայքի մարզի պատմական միջավայրի պահպանության ծառայության հսկողության տակ։

 

 

Լուսանկարները՝ https://vahemart.livejournal.com/76638.html

Տեղեկությունները տրամադրեց Արթուր Կիրակոսյանը