Մայիսի 19-27-ը Հայաստանում անցկացվեց Պոնտացի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված շաբաթ։

Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները մեկնարկեցին Ալավերդի քաղաքից։ Հունական կենտրոնի բակում տեղադրված հուշաքարի մոտ տեղի ունեցավ պոնտացի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում։
Ծաղիկների խոնարհման արարողությանը հաջորդեց Ալավերդի համայնքի հոգևոր հովիվ Միքայել քահանա Շաղոյանի աղոթքը՝ նահատակված հույների հիշատակի համար։

Միջոցառմանը ներկա էին Ալավերդի համայնքի համայնքապետ Արկադի Թամազյանը, ՀՀ-ում Հունաստանի հյուպատոս Էմմանուիլ Ասիմակոպուլոսը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Սուրեն Մանուկյանը, Հայաստանի հունական համայնքի անդամներ և ուրիշներ։Հնչեցին հունարեն և պոնտիերեն երգեր հունական համայնքի երգչախմբի կատարմամբ։
Նույն օրը նահատակված պոնտացի նախնիների հիշատակին ծաղիկներ խոնարհվեցին Ստեփանավան և Նոյեմբերյան քաղաքների հունական համայնքների անդամների կողմից։

Մայիսի 20-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ գրող, ուսումնասիրող Արա Քեթիբյանի «The Genocide of Ottoman Greeks» գրքի շնորհանդեսը։
Շնորհանդեսին ներկա էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը, գիտաշխատողներ, հունական համայնքի անդամներ։
Ներկաները նաև ծաղիկներ խոնարհեցին նահատակված պոնտացիների հիշատակին։

Մայիսի 23-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ Աթենքի համալսարանի դասախոս Վասիլիոս Մեյխանեցիդիսի օնլայն դասախոսությունը պոնտացի հույների ցեղասպանության վերաբերյալ։

Մայիսի 27-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Թեոլաբ» գիտավերլուծական կենտրոնի հետազոտողների բանախոսությունների շարքը՝ նվիրված հայ-հունական պատմական և մշակութային կապերին։

Ելույթներ ունեցան Շուշան Խաչատրյանը, Հերիքնազ Գրիգորյանը, Աննա Օհանջանյանը և Հայկ Հակոբյանը։
Միջոցառման ընթացքում նաև համագործակցության հուշագիր կնքվեց Հայաստանի հունական համայնքների միության և Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի միջև։

Այս միջոցառմամբ ամփոփվեց Պոնտացի հույների ցեղասպանության հիշատակին նվիրված շաբաթը։

Լուսանկարները՝ Սամվել Բիրինյանի