Մայիսի 19-ին Ալավերդու հունական համայնքի բակում տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում ցեղասպանության զոհ դարձած հայերի և հույների հիշատակին նվիրված հուշակոթողի բացումը։

Պոնտացի հույների ցեղասպանության զոհերին հիշատակող Հայաստանում առաջին հուշարձանը (հեղ. Արմեն Ղումաշյան, Կորյուն Սանահնեցի Հակոբյան) նախաձեռնվել և տեղադրվել է ազգությամբ հույն բժիշկ Սիմոն Զախարովի կողմից և իրենից ներկայացնում է երկկողմանի հուշարձան՝ հայկական և հունական տիպական խաչերով։

Հուշարձանի օծումն իրականացրեց Ալավերդու հոգևոր հովիվ Տեր Միքայել Շաղոյանը, ելույթներ ունեցան Հայաստանի հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարևան, Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանը, Հայոց ցեղասպանության թանգարանի ավագ գիտաշխատող Թեհմինե Մարտոյանը և պատմության մասնագետ Էդուարդ Շահվերդյանը։ Բացման արարողությանը ներկա էին նաև Հայաստանում Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ Գերասիմոս Ավլոնիտիսը, Ալավերդու հունական համայնքի նախագահ Վաչե Մկրտչյանը և հունական համայնքի անդամներ։

Միջոցառման ժամանակ պոնտական երգերով ելույթ ունեցավ նաև Ալավերդու հունական երգչախումբը՝ Գոհար Ավլաստիմովայի ղեկավարությամբ։

Նույն օրը ցեղասպանությանը զոհ գնացած պոնտացի նախնիների հիշատակին ծաղիկներ խոնարհեցին նաև Ստեփանավանի «Պոնտոս» հունական համայնքի անդամները և Յաղդան հունաբնակ գյուղի ուսուցիչներն ու աշակերտները։