Դեկտեմբերի 26-ին Հայաստանի հունական համայնքների միության գրասենյակում հյուրընկալվեցին փոքրիկ նկարչուհի Արսինե Հակոբյանը և իր նկարչության ուսուցչուհի ՀՀ վաստակավոր նկարիչ Աննա Հարությունյանը։

Արսինեն այս տարվա սկզբին հաղթել էր «Մոտիկ, թե հեռու, ՄԵՆՔ բոլորս ՄԻ ենք» նկարչական մրցույթին, որը կազմակերպվել էր Հունաստանի արտգործնախարարության հունական սփյուռքի գլխավոր քարտուղարության և Հունաստանի մանկական պատկերասրահի կողմից՝ Երիտասարդական գրքերի միջազգային կազմակերպության (IBBY) հունական բաժնի հետ համագործակցությամբ։

Միության նախագահ Մարիա Լազարևան սիրով շնորհավորեց Արսինեին հաղթանակի առթիվ և հանձնեց մրցույթի կազմակերպիչների կազմած հատուկ ալբոմը, որն ընդգրկում է մրցույթին մասնակցած 125 երեխայի աշխատանք։ Իսկ ՀՀ վաստակավոր նկարիչ Աննա Հարությունյանին հատուկ շնորհակալագիր հանձնեց Հայաստանում հունական մշակույթի տարածմանը նպաստելու համար։