Հուլիսի 25-ին ավարտվեց Հայաստանի հունական համայնքների միության՝ Վանաձորում կազմակերպած հույն երեխաների ամառային երրորդ ճամբարը։ Ճամբարին մասնակցում էին շուրջ 25 երեխա՝ Հայաստանի Երևանի, Ալավերդու, Ստեփանավանի, Գյումրու, Նոյեմբերյանի, Հրազդանի հունական համայնքներից։
Այս տարի ևս ճամբարային ծրագիրը հագեցած էր հետաքրքիր զբաղմունքներով և դասերով։
Ճամբարականները հետաքրքիր քայլարշավ կազմակերպեցին դեպի Վանաձորի փարթամ ու կանաչ բնությունը, որտեղից էլ չորացած փայտեր հավաքեցին երեկոյան խարույկի համար։
Մեր ճամբարում հյուրընկալվեց TEVQ Art Studio & Shopը, որի մասնագետների օգնությամբ մեր երեխաներն իմացան, թե ինչ բան է թղթե թափոնների վերամշակումը, և թե որքան հետաքրքիր ու գեղեցիկ բացիկներ ու այլ պարագաներ կարելի է ստեղծել պապյե մաշե արվեստի միջոցով։
Ճամբարի երեք օրերի ընթացքում երեխաները սովորեցին հունարենի այբուբենը, հիմնը, հունական պարեր ու երգեր, ծանոթացան Հունաստանի պատմությանը, մշակույթին և առասպելներին։ Իսկ առասպելներից ամենահետաքրքիրը՝ Թեսևսի և Մինոտավրոսի մասին առասպելը, նույնիսկ բեմադրեցին ճամբարի վերջին երեկոյի ընթացքում։ Բեմադրությանը և ճամբարում վերջին երեկոյին ներկա էին Հայաստանում Հունաստանի փոխդեսպան պարոն Էմմանուիլ Ասիմակոպուլոսը, ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում Հունաստանի հարցերով դիվանագետ տիկին Մադլեն Պռոշյանը, Հայաստանի հունական հասարարակական կազմակերպությունների միության նախկին նախագահ պարոն Արկադի Խիթարովը։
Իսկ վերջին օրը բոլորս միասին պատրաստեցին արդեն ավանդական դարձած ճամբարի թերթը, որում ամեն տարի ավելանում են նոր անուններ։
Հույն երեխաների ամառային ճամբարը իրականացվել է ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանում Հունաստանի դեսպանատան աջակցությամբ։

Ավելի շատ լուսանկարների համար անցե՛ք հղումով https://bit.ly/3b4wB6v