Հուլիսի 9-12-ը Հայաստանի հունական համայնքների միությունը իրականացրեց Հայաստանի հույն երեխաների ամառային երկար սպասված ճամբարը։ Շուրջ քսան երեխա Տավուշից, Շիրակից, Լոռիից, Կոտայքից, Երևանից և Արցախից երեք օր հյուրընկալվել էին Գուգարաց Թեմի՝ մեզ արդեն հարազատ դարձած «Ծիծեռնակ» ճամբարում։
 
Ճամբարային ծրագիրն այս տարի ավելի հագեցած էր ուսումնական մասով։ Երեխաները սովորեցին հունարեն այբուբենի տառերը և նոր սովորած տառերով գրեցին իրենց անունները, ողջույնի ձևեր, ապա կիրառեցին դրանք իրենց ամենօրյա խոսքում։ Սովորեցին նաև հունական պարեր պարել, երգել Հունաստանի ազգային օրհներգը և այլ երգեր։ Ճանաչողական ճամբարի ծրագրի կարևոր մասն էր կազմում նաև Հին Հունաստանի պատմության և դիցաբանության ուսուցումը, որը զուգակցվեց տեսաֆիլմով, խաղերով, գլուխկոտրուկներով։ Հատուկ այս տարվա ճամբարի համար մենք պատրաստել էինք Հին Հունաստանի դիցաբանության թեմայով «ներկիր ինքդ» գրքույկներ, որոնց ներկելով երեխաները նաև ճանաչեցին հին հունական աստվածներին։ Հին Հունաստանի թեման այնքան ոգեշնչեց երեխաներին, որ առանձին ժամ հատկացվեց պլաստիլինով «Իմ պատկերացրած Հունաստանը» խորագրով ստեղծագործելուն։
 
Ճամբարն առիթ էր նաև Լոռվա փարթամ բնությանը ծանոթանալու և հենց բնության գրկում վայլելելու «Բինգյոլ – Ξενιτιά μου» ստեղծագործությունը՝ Ալավերդու հունական համայնքի երգչախմբի սաների կատարմամբ։
 
Իսկ վերջին օրը բոլորս միասին պատրաստեցինք արդեն ավանդույթ դարձած «Ճամբարի թերթը», որը միավորեց Հայաստանի տարբեր քաղաքներում և Արցախում ապրող հունական ծագում ունեցող երեխաներին։
Ճամբարական առօրյայից ավելի շատ նկարներ կարող եք տեսնել մեր ֆեյսբուքյան էջում։
 
Ճամբարն իրականացվել է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։