«Վերջապես հասանք Մեհմանայի հանքերին: Այդ հարուստ հանքերը գտնվում են հայոց Մեհմանա գյուղի ավերակներից երեք քառորդ վերստ հեռավորության վրա: Երևում է, մի ժամանակ հանքերի մերձակայքում եղել է հայոց խիտ ազգաբնակչություն, որպես ցույց են տալիս Սովուկ-Բուլաղ և Սամբաղ գյուղերի ավերակները, որոնք ծածկված են անտառի տակ:
… Հանքերը բովագործում են հույները, որոնք ընտանիքով բնակվում են անտառի խլության մեջ փոքրիկ փայտաշեն խրճիթներում»:

(Րաֆֆի: Երկերի ժողովածու, հատոր 8, հայպետհրատ, Երևան 1957թ)

 

Այս տողերը Մեծն գրողը գրել է 1881 թ-ին: Այն որ, Մեհմանայի տարածքը խիտ բնակեցված է եղել՝ վկայում են հին գյուղատեղերը, պարիսպները, քանդված ու կործանված եկեղեցիները, որոնց հետքերը ցայսօր էլ մնում են:

Ականատեսները վկայում են, որ տեսել են սրբատաշ քարի ճակատը, որի արձանագագրությունը 1248 թվականի է:

Մեհմանա- նշանակում է հանքի հիմնական երակ: Անվանումը կապ ունի տեղի բազմամետաղային հանքավայրի հետ, որի հիմնական երակը ձգվում է գյուղի մոտով: Գյուղի անվան հետ կապված մեկ այլ տարբերակի համաձայն՝ Մեհմանա նշանակում է հյուրատուն, հյուրատեղի:

Ավանդազրույցի համաձայն՝ թուրքական կառավարության հավատափոխ լինելու պահանջին հակառակ, Տրապիզոնից մի խումբ հույն և հայ երկրագործներ՝ հույն Խառալամպիի առաջնորդությամբ գաղթում են, և Թագուհի անունով 147 տարեկան մի հայ կին նրանց խորհուրդ է տալիս գնալ Արցախ: 1752 թ. երկրագործները Արցախի Մեհմանա գյուղի մերձակայքում հայտնաբերում են մետաղի մեծ պաշար: Հանքերում մեծամասամբ աշխատում էին հույն բանվորներ, ովքեր իրենց ընտանիքներին, հարազատներին կանչում են Հունաստանից և Պոնտոսից և սկսում բնակվել Մեհմանայում:

Գյուղը գտնվում է Մարտակերտ շրջկենտրոնից 20 կմ հարավ-արևմուտք: Դիրքը լեռնային է, գեղատեսիլ, անտառապատ:
1970թ-ի տվյալներով՝ Մեհմանայում ապրել է 104 մարդ, գյուղն ունեցել է 30 տուն: 1987թ.՝ 22 տուն, 51 բնակիչ: 1920 թ. Մեհմանայում բացվել է հունական դպրոց: Այն գործել է մինչև 1945թ.: Մեծ Հայրենականին գյուղից մասնակցել է 11 մարդ, որից 5-ը զոհվել է:

1941-1945 թթ. ռազմաճակատի համար գյուղի հանքերից մեծ քանակությամբ ցինկ ու կապար է արդյունահանվել: Մեհմանայի ծաղկուն շրջանը ընդգրկում է 1970-ականներից մինչև արցախյան շարժումը: Գյուղն ուներ իր հունական ավանդույթները, ապրողները հաղորդակցվում էին հունարենով: Խոհանոցում ևս հունականն էր իշխում: Իսկ ամռան ամիսներին Մեհմանան վերածվում էր մեծ ամառանոցի, որտեղ հանգստանում էին տարբեր տեղերից ժամանած գյուղի տարեցների հարազատները:

Արցախյան պատերազմի հետևանքով ավերվեց գյուղը: Թշնամին գրավեց, բայց հայոց մարտիկներն ազատագրեցին այն:
Հետպատերազմյան տարիներին գյուղի բնակիչները փորձեցին շենացնել իրենց հարազատ օջախը: Մեհմանային զգալի օգնեց Հունաստանի կառավարությունը՝ տրամադրելով գյուղտեխնիկա, մարդասիրական օգնություն:

Բայց քանի որ արցախյան պատերազմի տարիներին Արցախում ապրող հույների զգալի մասը մեկնեց և մշտական բնակություն հաստատեց Հունաստանում, տարիների ընթացքում հույների թիվը գյուղում աստիճանական նվազեց: Մեհմանայի վերջին զտարյուն հույնը Նիկոլա Իվանիդիսն էր, ով մահացավ 2020թ. փետրվարին՝ 95 տարեկանում:

Արցախի հունական Մեհմանա գյուղն այսօր լուրջ հիմնախնդիրներ ունի՝ գյուղ տանող և գյուղամիջյան անբարեկարգ ճանապարհներ, խմելու ջրի խնդիր, ենթակառուցվածքների բացակայություն: 2020թ. պատերազմն էլ թևաթափ արեց գյուղը: Ապրողների թիվն այսօր չի գերազանցում մեկ տասնյակը: Երբեմնի ծաղկաստանի միայն տեղանքի գրավչությունն է մնացել, մեկ էլ 147 տարեկան հայ կնոջ նկարագրությունը.
«Գնացեք և հանգրվանեք այնտեղ, ուր ազատ կյանք կա, շիտակ խոսք, և սերը ծաղկում է տարին բոլոր, ուր ծառը, քարը, սարը, գետը, մրջյունը, մարդը մեղր են ծորում: Դա իմ Ղարաբաղն է, աշխարհի դրախտը, անմահական հովերի ու ջրերի երկիրը: Ես այնտեղի ծնունդն եմ, Մռավասարի հայացքի տակ ծվարած իմ օրորոց Մեհմանայից, որի անուշ ջրերը դեռ երակներիս մեջ են …»:

 

Սոֆի Իվանիդիս, Ստեփանակերտ