Պոնտոսի հույների ցեղասպանությունը. 100-ամյա ողբերգություն

Պոնտոսի հույների ցեղասպանությունն Առաջին աշխարհամարտի և դրան հաջորդած տարիներին Օսմանյան կայսրության Տրապիզոնի նահանգի և հարակից մի շարք շրջանների հույների զանգվածային տեղահանություններն ու կոտորածներն են, որոնց նպատակը պոնտոսցի հույների հավաքական գոյությանը վերջ տալն էր: Այն կազմակերպվել և իրագործվել է երիտթուրքական, ապա նաև քեմալական իշխանությունների կողմից երկու փուլով` 1916-1918, ապա` 1919-1923 թվականներին: Թուրքական իշխանությունները պոնտոսցի հույներին տեղահանել են իրենց բնակավայրերից` ենթարկելով բազմապիսի բռնությունների, զրկանքների, սովի և կոտորածների` այդ գործում օգտագործելով նաև մուսուլման ազգաբնակչությանը, չխնայելով անգամ երեխաներին, կանանց և ծերերին: Պոնտոսցի հույների ունեցվածքը յուրացվել է թուրքերի կողմից, ոչնչացվել են նրանց հոգևոր, մշակութային և կրթական հաստատությունները: Ցեղասպանության հետևանքով հույների մարդկային կորուստները գնահատվում են ավելի քան 350 հազար մարդ, բացի այդ հարյուր հազարավոր հույներ ապաստան են գտել Հունաստանում և այլ երկրներում:
Պոնտոսցի հույների ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում 1914-1923 թթ. հակահունական քաղաքականության մի մասն էր: Փոքր Ասիային արևմուտքում հույների զանգվածային տեղահանությունները սկսվել էին դեռևս 1914 թ. գարնանը: Սկզբնական շրջանում նրանց մեծամասնությունը որպես կանոն արտաքսվում էր Հունաստան: 1916 թվականից սկսվեց հույների զանգվածային բնաջնջումը: Այն բանից հետո, երբ 1919 թ. մայիսի 19-ին Մուստաֆա Քեմալը` հանրապետական Թուրքիայի ապագա առաջին նախագահը, ուղևորվեց Պոնտոս, հակահունական քաղաքականությունը հասավ իր գագաթնակետին: Այդ պատճառով էլ, պոնտոսցի հույները հենց մայիսի 19-ին են նշում իրենց ցեղասպանության տարելիցը:
Պոնտոսի հույների ցեղասպանության խնդրի արծարծման նոր փուլը սկսվում է 1980-ական թվականներին, երբ պոնտոսցի մտավորականները Մ. Խարալամպիդիսի և Կ. Ֆոտիադիսի գլխավորությամբ սկսեցին «Հիշողության իրավունք» շարժումը: Գլխավոր նպատակը Պոնտոսի հույների պատմության վերարժևորումը, ցեղասպանության միջազգային ճանաչումն ու պատմական արդարության վերականգնումն էր: Զարկ տրվեց խնդրի պատմագիտական ուսումնասիրություններին սկզբում հիմնականում հունարեն, իսկ վերջին տասնամյակում նաև անգլերեն հոդվածների և գրքերի տեսքով: Խնդրի ակադեմիական հետազոտությունը հող նախապատրաստեց նաև մի քանի պետությունների, տարբեր երկրների առանձին վարչական միավորների և միջազգային կազմակերպությունների կողմից դրա ճանաչման համար: Ավելին` սփյուռքում հունական կազմակերպությունները սկսեցին համագործակցել հայկական և ասորական կազմակերպությունների հետ ինչպես գիտական, այնպես էլ ճանաչմանն ուղղված իրենց ջանքերում:
Պոնտոսի հույների ցեղասպանությունը հույն ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից մեկն է: Եթե 1453 թ. Կոստանդնուպոլսի և 1461 թ. Տրապիզոնի կայսրության անկումը Փոքր Ասիայում հույների քաղաքական ներկայության վերջն էր, ապա ցեղասպանությունից հետո վերջ տրվեց նրանց ֆիզիկական ներկայությանը:
Ցայսօր Թուրքիան շարունակում է Հայոց Մեծ Եղեռնի նման ժխտել նաև Պոնտոսի հույների ցեղասպանությունը: Չնայած դրան` անգամ հարյուր տարի անց պոնտոսցի հույները հաղթելու մեծ վճռականությամբ շարունակում են իրենց պայքարը պատմական արդարության վերականգնման ուղղությամբ:

 

 

 

Գևորգ Վարդանյան

Ցեղասպանագետ, պատմական գիտությունների թեկնածու