Ալավերդու տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 2013 թվականին՝ Լևոն Սադաղյանի ջանքերով, Ալավերդու քաղաքապետարանի աջակցությամբ  և Քաունթերփարթ ինթերնեշնլի հովանավորությամբ:

2009 թվականին Լևոն Սադաղյանն ավարտելով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը ստացավ դրամատիկական թատրոնի ռեժիսորի որակավորում: Վերադառնալով Ալավերդի՝ փորձեց իրականացնել իր երազանքը: Մի քանի տարի փնտրտուքներից հետո 2013 թվականին վերջապես հիմնադրեց Ալավերդու տիկնիկային թատրոնը: Թատրոնն սկզբից գործում էր Ալավերդու Սանահին սարահարթի մշակույթի պալատում, բայց  համապատասխան պայմանների բացակայության պատճառով, ներկայացումները իրականացվում էին տարբեր դահլիճներում: 2013-2015 թթ ին Ալավերդու տիկնիկային թատրոնը  շրջիկ թատրոնի սկզբունքով էր աշխատում: Թատրոնի առաջին բեմադրությունը Թումանյանի հեքիաթների մոտիվներով էր՝ «Լոռվա հեքիաթներ» : Այս ներկայացումը խաղացվել է Լոռու և Տավուշի մարզերի շուրջ 35 համայնքներում, Գյումրիում, Վանաձորում, Երևանում:

Թատրոնի հիմնադրման հենց նույն տարում առաջարկ եղավ և Ալավերդու տիկնիկային թատրոնը մեկ ու կես տարվա պայմանագիր կնքեց Կապանի ՏԻԿՆԻԿ մանկական տիկնիկային թատրոնի հետ, որի ֆինանսավորողը Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամն էր: Այս ծրագրի շրջանակներում թատրոնն ունեցավ 3 հաստիքային աշխատող: Մենք համարձակվեցինք բեմադրել Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ներկայացումը:

2015 թվականին անհասկանալի պատճառներով արգելվեց թատրոնի գործունեությունը Ալավերդու Սանահին սարահարթի մշակույթի պալատում:  Մշակույթի պալատից դուրս գալուց հետո համապատասխան տարածք չունենալու պատճառով՝ թատրոնն իր գործունեությունը դադարեցրեց մի քանի ամսով:

 

2016 թվականին Հունական ԱԿՄԻ հասարակական կազմակերպության նախկին նախագահ Սիմոն Զախարովի առաջարկությամբ Ալավերդու տիկնիկային թատրոնը իր գործունեությունը սկսեց իրականացնել ԱԿՄԻ ՀԿ-ի հետ Հունական կենտրոնի շենքում:

2016-2019 թթ-ին Թատրոնում ձևավորվեց կանոնավոր խաղացանկ և ամենշաբաթյա ներկայացումների ցուցադրություններ:

Թատրոնին ֆինանսական  մեծ աջակցություն է ցուցաբերում նաև Հայաստանում Հունաստանի դեսպանությունը:

2016-ից ի վեր Թատրոնը վերանվանվեց ԱԿՄԻ ՀԿ-ի Ալավերդու տիկնիկային թատրոն:

 

Թատրոնի խաղացանկում առկա է 7 ներկայացում՝

Լոռվա հեքիաթներ

Մաշան և Արջը, որը ցուցադրվել է նաև ՌԴ-ի Սամարա քաղաքի հայկական համայնքում

Փոքրիկ իշխանը

Օլիմպիական դափնե

Կարմիր գլխարկը

Ուրախ ձնեմարդուկը

Պոչատ աղվեսը