Մայիսի 19-ը պոնտացի հույների ցեղասպանության տարելիցն է։ Այս տարի, ամբողջ աշխարհում տիրող համավարակային իրավիճակով պայմանավորված, հնարավոր չէր Երևանում կազմակերպել հիշատակի ամենամյա բազմամարդ երթը։ Այդ պատճառով Հայաստանի տարբեր քաղաքներում՝ Ալավերդում, Ստեփանավանում, Նոյեմբերյանում ապրող հույները փոքրաթիվ խմբերով այցելեցին իրենց քաղաքներում ցեղասպանությանը նվիրված հուշարձաններ և ծաղիկներ խոնարհեցին նահատակված պոնտացի նախնիների հիշատակին։
Ոչ մեծաքանակ հիշատակի երթ կազմակերպվեց նաև Երևանում, որին մասնակցեցին Հայաստանի հունական համայնքների միության անդամները, Հայաստանում Հունաստանի դեսպանության ներկայացուցիչները, Հայոց Ցեղասպանության թանգարանի տնօրինությունը և ուրիշներ։ Ինչպես իր ելույթում նշեց Հայաստանի հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարևան․ «1994 թվականից ի վեր աշխարհասփյուռ հույները մայիսի 19-ին հավաքվում և հարգանքի տուրք են մատուցում ցեղասպանության զոհերի հիշատակին, և առաջին անգամ է, որ մեր տեղաշարժը, մեր բազմամարդ երթը սահմանափակված է։ Սակայն սահմանափակված չէ մեր հիշողության իրավունքը։ Եվ չնայած, որ մենք ցեղասպանությունը վերապրածների 3-րդ և 4-րդ սերունդն ենք, բայց հիշում ենք այն, ինչ կատարվել է մեկ դար առաջ։ Եվ մեր պարտքը պետք է լինի մեր գործունեությամբ իրազեկել ողջ աշխարհին կատարվածի մասին և բարձրաձայնել ճշմարտությունը»։
Հայոց Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հարություն Մարությանն իր ելույթում շեշտեց երկու ժողովուրդների՝ հայերի և հույների համախմբվածությունը ցեղասպանության ճանաչման պայքարի գործում՝ հավելելով, որ պատմական արդարության և ցեղասպանությունը վերապրած ժողովուրդների իրավունքների վերականգնման համար պայքարում խիստ կարևոր է համագործակցությամբ պահանջատեր լինելը։
Նույնը օրը երեկոյան Հայաստանի հունական համայնքների միության նախաձեռնությամբ Առաջին ալիքով կցուցադրվի «Արգոնավորդների ոտնահետքերով» փաստավավերագրական ֆիլմը՝ նվիրված պոնտացի հույների ցեղասպանությանը։