Փետրվարի 14-ին Գրականության և արվեստի թանգարանում Հայաստանի հունական համայնքների միությունը նշեց Հունարենի համաշխարհային օրը՝ այն նվիրելով հույն մեծ բանաստեղծ, Նոբելյան մրցանակակիր Օդիսեաս Էլիտիսին։
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Խ. Սոֆիանոպուլոսը, Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության ղեկավար, դեսպան պարոն Վ. Մարագոսը, Հայաստանում Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ Խ. Արսենիուն, հունական համայնքի անդամներ, այլք։
Բացման խոսքով հանդես եկան Հայաստանի հունական համայնքների միության նախագահ Մ. Լազարևան, Հունաստանից գործուղված ուսուցիչներ Ա. Գուձելասը և Կ. Սոտիրոպուլուն՝ անդրադառնալով Հունարենի համաշխարհային օրվա խորհրդին և Օդիսեաս Էլիտիսի ստեղծագործական ուղուն։
Միջոցառման հատուկ հյուրն էր Օդիսեաս Էլիտիսի գործերի հայերեն թարգմանիչ Շուշան Մարուքին։ Նրա թարգմանությունները և Էլիտիսի ստեղծագործությունները բնօրինակով ընթերցեցին Հայաստանի հունական համայնքների միությունում հունարեն սովորողները։ Միջոցառումն ամփոփվեց Էլիտիսի՝ երգերի վերածված ստեղծագործությունների կատարմամբ։