Մեկ տարուց ավելի է, ինչ Ալավերդու «Ակմի» հունական համայնքում գործում է մանկական երգչախումբ՝  Գոհար Ավլաստիմովայի ղեկավարությամբ։ Երգչախումբը իր հունական և հայկական երգացանկով տարբեր համերգների է մասնակցել Հայաստանի տարբեր քաղաքներում և հենց Ալավերդիում։ 2020 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրով պոնտական մոտիվներով տարազներ պատրաստվեցին երգչախմբի սաների համար, իսկ 2021 թվականին Հունաստանի արտաքին գործերի սփյուռքի գլխավոր վարչության ֆինանսավորմամբ կարվեցին բեմական համազգեստներ։

Իր միամյա գործունեությունը երգչախումբը ամփոփեց ապրիլի 21-ին տեղի ունեցած «Հայ-հունական բարեկամական կամուրջ» խորագրով համերգի ընթացքում։ Երգչախմբի սաները կատարեցին ստեղծագործություններ հայերենով, հունարենով, պոնտիերենով, կատարումները զուգակցվեցին պարերով և Ալավերդու արվեստի դպրոցի աշակերտների և ուսուցիչների երաժշտական կատարումներով։

Միջոցառմանը ներկա էին Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանը, Ալավերդի համայնքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Միքայել Շաղոյանը, Հայաստանի հունական համայնքների միության ներկայացուցիչները և այլ հյուրեր։