Հայաստանում հունական համայնքի դիրքորոշումը՝ կապված Արցախի պատերազմի հետ, ամբողջությամբ համընկնում է հայ ժողովրդի դիրքորոշման հետ։ NewArmenia.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանում «Հունական համայնքների միության» ՀԿ նախագահ Մարիա Լազարևան։

«Սա մեր հայրենիք է, մենք այստեղ ծնվել ենք, մեծացել ենք, կրթություն ենք ստացել, մեր մայրենի լեզուն հայերենն է։ Մենք մտածում ենք այնպես, ինչպես մտածում է Հայաստանի  ժողովրդի մեծամասնությունը»,- ասաց նա։

Մարիա Լազաևյան նշեց, որ Հայաստանում հունական համայնքը 1000 հոգի է, Արցախում էլ հունական համայնք կա, սակայն ավելի փոքր՝ մոտ 40 հոգի։ Նրա խոսքով՝ հույներն էլ այսօր ծառայում են հայկական բանակում՝ ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի,  իսկ իրենց փոքր համայնքն արդեն իսկ 1 զոհ է տվել։

«Հայաստանի հույներն այսօր անում են այն ինչ անում են հայերը՝ իրենց ընտանիքներում հյուրաընկալում են արցախցիներին, պատանիներն ու երիտասարդները աշխատանքից հետո կամավոր օգնում են պահեստներում, արտադրամասերում և այլն, հագուստ, գումար են հավաքում և այլն։ Իսկ մեր երկրիը՝ Հունաստանը, առաջին իսկ օրվանից անհանգստացած է, ապրումակցում է, աջակցում է այն պայքարին, որն ունենք։ Մենք ունենք միանման պատմություն, միանման ճակատագիր ու նույն դեմքով թշնամի։ Այս պահին հունական համայնքի ներկայացուցիչներն ավելի շատ հայ են»,- ընդգծեց Մարիա Լազարևան։

Վերջինս հավելեց, որ իրենք ակտիվ են հունական լրատվամիջոցներում՝ գրեթե ամենօրյա ռեժիմով հարցազրույցներ են տալիս, տեղի իրադարձությունները թարգմանում ու ներկայացնում։

 

Անի Արամի