Մայիսի 19-ին՝ պոնտացի հույների ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հարգանքի տուրք մատուցվեց Հայաստանի տարբեր քաղաքներում։ Երևանում հունական համայնքի անդամները, Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսի, քաղաքական և հասարակական գործիչների, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինության և գիտաշխատողների հետ ծաղկեպսակներ խոնարհեցին Ծիծեռնակաբերդի՝ Հայոց Ցեղասպանության հուշարձանին, այնուհետև հնչեցին ոգեկոչման աղոթք և ելույթներ։ Ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհվեցին նաև Ստեփանավանի և Ալավերդու հունական համայնքների անդամների կողմից։
Նույն օրը Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ Lethal Nationalism: The Genocide of the Greeks վավերագրական ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը, որին ներկա էին կառավարության և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ և հունական համայնքի անդամներ։
Օրն ամփոփվեց «Հայ ժողովրդական շարժում» կազմակերպության կողմից նախաձեռնությամբ իրականացված՝ Հունաստանի ազգային ազատագրական պայքարի 200-ամյակին և Պոնտոսի հույների ցեղասպանության տարելիցին նվիրված սեմինար-քննարկմամբ: