Հուլիսի 3-6-ը Ստեփանավանում հաջողությամբ իրականացվեց հույն երեխաների յոթերորդ ճամբարը, որին մասնակցում էին ազգությամբ հույն երեխաներ Երևանից, Ստեփանավանից, Ալավերդիից, Ախթալայից, Նոյեմբերյանից, Հրազդանից, Ապարանից, Յաղդան գյուղից։
Այս տարվա ճամբարի ծրագիրը, ավանդական դարձած հունական երգ ու պարի, լեզվի ու պատմության ուսուցումից բացի, ներառում էր նաև նախագծային աշխատանք։ Մասնակից երեխաները բաժանված էին չորս աշխատանքային խմբերի, որոնց ղեկավարում էին մարզիչները՝ դարձյալ ընտրված երեխաներից։ Խմբերին հանձնարարված էր ուսումնասիրել Հին Հունաստանին վերաբերող մեկական թեմա և դրա շուրջ պատրաստել պլակատ-կոլաժ։
Թեմաները չորսն էին՝ Հին հունական քաղաք-պետություններ, Հին Հունաստանի մշակույթը, հին հունական դիցաբանություն, Օլիմպիական խաղեր։ Մասնակիցները գնահատվում էին նախագծի մեկնարկի ամենասկզբից՝ միավոր-սթիքերներ վաստակելով թիմային լավ կազմակերպված աշխատանքի, կատարողականության, ստեղծագործական աշխատանքի, ինչպես նաև ճամբարականին վայել վարքագծի համար։ Նախագծային աշխատանքներն ամփոփվեցին ճամբարի վերջին երեկոյի ընթացքում հանձնաժողովի կողմից։ Խմբերը, որոնք իրենց համար ընտրել էին խորհրդանշական անուններ՝ Մինոպոլիս, Նիկե, Օլիմպոս, Էլեֆթերիա, ներակայացրին իրենց աշխատանքները՝ զուգակցելով դրանք երաժշտական համարներով, թատերական ներկայացումով, վիկտորինայով։ Մրցույթի ավարտին հանձնաժողովի որոշմամբ հաղթող ճանաչվեցին և մրցանակներ ստացան բոլոր չորս խմբերն իրենց մարզիչներով։
Հատկանշական է, որ այս տարի ավելի մեծ էր նախկին և ներկայիս ճամբարականների մասնակցությունը կազմակերպչական հարցերում, ինչն ավելի է տեսանելի է դարձնում երիտասարդների նվիրվածությունը հունական համայնքին ու ինքնությանը։
Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի կառավարությանը ամենամյա ճամբարը ֆինանսավորելու և Ստեփանավանի SV Eco Resorts հանգստյան տանը մեզ դարձյալ հյուրընկալելու համար։