
Հունիսի 30-ին Ստեփանավանում ավարտվեց հույն երեխաների ամենամյա եռօրյա ճամբարը, որին մասնակցում էին հունական ծագում ունեցող 24 երեխա և 11 մեծահասակ ջոկատավար՝ Հայաստանի տարբեր քաղաքներից։
Այս տարի, որպես հիմնական ջոկատավարներ մասնակցում էին նաև Ավետը (Ստեփանավանից) և Անուշը (Նոյեմբերյանից), ովքեր առաջին տարիներին եղել են մեր ճամբարի մասնակիցները։ Նրանք օգնում էին կազմակերպչական բոլոր հարցերում և միաժամանակ ձեռք էին բերում արժեքավոր փորձ՝ հետագայում ճամբարը ինքնուրույն կազմակերպելու նպատակով։
Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս ճամբարականների թվում կային շատ տաղանդավոր երեխաներ, ովքեր իրենց հետ բերել էին երաժշտական գործիքներ՝ կիթառ, շվի, սաքսոֆոն։ Ջոկատավար Գևորգի հետ նրանք սովորեցին նվագել տարբեր հունական երգեր և համատեղ ստեղծեցին մեր ճամբարի հիմնը։
Ճամբարի ընթացքում երեխաները սովորեցին հունարեն, պարեցին հունական պարեր, դիտեցին ֆիլմեր Հունաստանի պատմության և մշակույթի մասին։ Իրենց գիտելիքներն փորձեցին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի ընթացքում։ Խաղին մասնակցում էին ճամբարականներից կազմված չորս խմբեր, որոնց միջև ընթացավ ակտիվ պայքար, իսկ հաղթող ճանաչվեց Թաիսի գլխավորած խումբը։
Ճամբարի օրերին մեզ այցելեցին ԵՄ-ի Երիտասարդ եվրոպական դեսպաններ նախաձեռնություններից և ֆոտոռեպորտաժ պատրաստեցին մեր ճամբարի մասին։
Մեր նպատակը Հայաստանի հունական համայնքի համար իր արմատներին քաջատեղյակ և գիտակից սերունդ ձևավորելն է, որի իրագործմանն են ուղղված ամառային ճամբարները։
Հունիսի 27-30-ն անցկացված ճամբարը հյուրընկալվել էր Ստեփանավանի S&V ECO RESORT հյուրանոցում և ֆինանսավորվել էր Հայաստանի կառավարության կողմից։