Փետրվարի 19-23 Ալավերդի համայնքում անցկացվեց «Թումանյանական հեքիաթ» 2-րդ մանկական թատերական փառատոնը։ Փառատոնն իր ձևաչափով միակն է Հայաստանի Հանրապետությունում, որտեղ թատերախմբեր են ձևավորվում բացառապես մանկապարտեզահասակ երեխաներից։
 
«Թումանյանական հեքիաթ» փառատոնի նախաձեռնողը Ալավերդու ԱԿՄԻ հունական համայնքը և Ակմի Ալավերդու տիկնիկային թատրոնն էին՝ ի դեմս թատրոնի գեղարվեստական ղեկավար Լևոն Սադաղյանի։ Դեռևս 2019-ին հիմնադրված այս փառատոնի առաքելությունը Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների հանրահռչակումն է, իսկ խորհրդանիշը՝ գիրք նվիրելը։
 
Այս տարի փառատոնն իրականացվեց Ալավերդու համայնքապետարանի հետ համատեղ, իսկ Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանն ու առաջին տեղակալ Հարություն Ձավարյանը բոլոր հարցերում ցուցաբերեցին անմիջական աջակցություն։
Փառատոնին մասնակցող 15 թատերախմբերից դափնեկիր ճանաչվեց Ալավերդու թիվ 4 մանկապարտեզն իր Թումանյանական հեքիաթների շարք ներկայացմամբ։ Մնացած բոլոր խմբերն արժանացան շնորհակալագրերի, իսկ երեխաները` հավաստագրերի։ Գրքի տեսքով նվերներ էին պատրաստված Գուգարած թեմի առաջնորդի, Վալլեքս Գարդեն, Բուկինիստ, Արցախ բուքս ընկերությունների, Հայաստանի հունական համայնքների միության կողմից։ Գլխավոր մրցանակն էր Ուղևորություն Հայաստանի ազգային տիկնիկային թատրոն և հաղթած ներկայացման ցուցադրություն երևանյան հանդիսականի համար։
Փառատոնի անցկացմանն աջակցել են նաև ՀելլենՄեդ հունական բժշկական կենտրոնի տնօրեն Սիմոն Զախարովը և Ալավերդու Ակմի հունական համայնքի նախագահ Վաչե Մկրտչյանը։