
Մայիսի 19-ին Ալավերդու հունական համայնքի կենտրոնի բակում տեղի ունեցավ պոնտացի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն, որին ներկա էին Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, Ալավերդու հոգևոր հովիվ Տեր Միքայել Շաղոյանը, հունական համայնքների նախագահներ, անդամներ և Ալավերդու բնակիչներ։
Միջոցառման մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ելույթներ ունեցան համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող Թեհմինե Մարտոյանը, պատմաբան Էդուարդ Շահվերդյանը։
Ներկաներն ունկնդրեցին Ալավերդու «Կալլիոպե» և մանկական «Ակմի» հունական երգչախմբերի կատարումները։
Միջոցառումը նշանավորվեց և ամփոփվեց զոհերի հիշատակին նվիրված ծառատունկով։
Նույն օրը պոնտացի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհեցին նաև Ստեփանավան քաղաքի հունական համայնքի անդամները։
Մայիսի 23-ին Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումների շրջանակում, Հայաստանի հունական համայնքների միության անդամները, Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը ծաղիկներ խոնարհեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ։
Արարողությունից հետո թանգարանի դահլիճում ելույթներ ունեցան ՀՑԹԻ ժամանակավոր պաշտոնակատար Հր․ Թաշչյանը, դեսպան Խ․ Սոֆիանոպուլոսը, ՀՑԹԻ համեմատական ցեղասպանության բաժնի ղեկավար Ս․ Մանուկյանը և Հայաստանի հունական համայնքների միության նախագահ Մ․ Լազարիդուն։ Այնուհետև ներկաները դիտեցին Թուրքիայում ապրող ծպտյալ հույների մասին պատմող Եշիմ Ուստաօղլուի «Ամպերին սպասելով» գեղարվեստական ֆիլմը՝ հայերեն հնչյունավորմամբ։