Հունական ծագում ունեցող եգիպտուհին
Հելլենիստական Եգիպտոսի վերջին փարավոն կամ թագուհի Կլեոպատրա VII Ֆիլոպատորի (Κλεοπάτρα Φιλοπάτωρ) մասին շատ է խոսվել, այնքան շատ, որ անգամ կարիք չկա նրան ներկայացնելու։
Հին աշխարհի ամենահայտնի կնոջ մասին մեզ տեղեկություններ են հաղորդել նրանից հարյուր կամ ավելի տարի հետո ապրած տղամարդ պատմիչները, որոնք հռոմահպատակ էին եւ, բնականաբար, միտումնավոր փորձում էին սեւացնել հակառակորդ երկրի թագուհու անունը: Սակայն անգամ այլազգի պատմիչներն են ընդունում, որ նա եղել է ոչ միայն հմայիչ կին, որին հաջողվել է գայթակղել ժամանակի ամենաազդեցիկ տղամարդկանցից երկուսին, այլ նաեւ փայլուն դիվանագետ, մաթեմատիկոս եւ պոլիգլոտ:
Լինելով հունամակեդոնական Պտղոմեոսյան դինաստիայի ներկայացուցիչ` Կլեոպատրան ջանքեր գործադրեց եւ իր ընտանիքում առաջինը սովորեց եգիպտերեն. նրա նախնիները խոսում էին բացառապես իրենց մայրենի՝ կոինե հունարենով, որը Եգիպտոսի հելլենականացումից հետո լայն տարածում էր գտել ոչ միայն Հյուսիսային Աֆրիկայում, այլեւ ողջ Լեւանտում, Միջագետքում, Առաջավոր Ասիայում եւ այլն: Բացի այդ, թագուհու մասին տեղեկություններ հաղորդող պատմիչները, որոնց թվում՝ Պլուտարքոսը, Ապպիանոսը, Հովսեփոս Փլավիոսը եւ այլն պնդում են, որ նա, բացի հունարենից եւ եգիպտերենից, տիրապետել է նաեւ եբրայերեն, եթովպերեն, պարսկերեն եւ մի քանի այլ լեզուների:
Կլեոպատրան գրել է «Կոսմետիկա» կոչվող դեղագիտական գիրք, որում խոսվում է տղամարդկանց ճաղատության, թեփի դեմ պայքարի միջոցների եւ բուժական այլ մեթոդների կիրառման մասին:
Քանզի Կլեոպատրայի կարճատեւ կյանքի մասին պատմող արժանահավատ եւ ոչ այնքան արժանահավատ փաստերը բավականին շատ են, թույլ տվեք շրջանցել նրա՝ Եգիպտոսի գահին տիրանալու, ինչպես նաեւ Հուլիոս Կեսարի եւ Մարկոս Անտոնիոսի հետ ունեցած սիրավեպերի վերաբերյալ պատմությունները: Խոսենք թագուհու կերպարի մասին:
Կլեոպատրան արվեստում
Անտիկ շրջանի պատմիչների վկայություններով ոգեշնչված, Կլեոպատրայի մասին շատ են գրել նաեւ Միջնադարում եւ Վերածննդի շրջանում, այդ անդրադարձներից մեկը պատկանում է անգլիացի դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրին, որը հավերժացրել է Եգիպտոսի թագուհուն իր «Անտոնիոս և Կլեոպատրա» (անգլ.՝ Antony and Cleopatra) պիեսում:
Կինեմատոգրաֆի գյուտից հետո Կլեոպատրայի կերպարը սիրվեց նաեւ ամերիկյան եւ եվրոպական կինոյում. նրա մասին նկարահանվեցին եւ շարունակում են նկարահանվել բազմաթիվ ֆիլմեր, որոնց մի մասը հաջողակ էին, մյուս մասն էլ արդել վաղուց մոռացվել են: Տարբերի տարիների ֆիլմերում Կլեոպատրայի դերը խաղացել են ժամանակի ամենագեղեցիկ դերասանուհիները՝ Սոֆի Լորեն, Վիվյեն Լի, Էլիզաբեթ Թեյլոր, Լեոնոր Վարելա, Մոնիկա Բելուչի (նկարներ 5-9) :
Իսկ ինչպիսի՞ն է եղել նա իրականում
Թագուհու արտաքինի վերաբերյալ նկարագրության ենք հանդիպում Պլուտարքոսի մոտ. «Ասում են, նրա արտաքին գեղեցկությունն ամենեւին էլ ապշեցուցիչ չէր… սակայն նա զրուցում էր անդիմադրելի հմայքով: Մի կողմից նրա՝ գայթակղիչ խոսքի հետ զուգորդվող արտաքինը, իսկ մյուս կողմից ՝ նրա խառնվածքը, որն անբացատրելիորեն դրսեւորվում էր նրա բոլոր արարքներում, աննկարագրելիորեն գրավում էին շրջապատին: Նրա ձայնը մեղմ էր»:
Մինչդեռ Հոլլիվուդում Կլեոպատրյաի դերը ստանում էին միայն գեղեցկագույն դերասանուհիները, մի շարք եգիպտագետներ բազմիցս փորձել են ավելի արժանահավատ տեղեկություններ հայթհայթել թագուհու արտաքին տեսքի վերաբերյալ, օգտագործելով պատմիչների վկայությունները, ինչպես նաեւ՝ դրամներ, դիմաքանդակներ (վերջիններից ամենահայտնին այսօր պահվում է Բեռլինի Հին թանգարանում, տես կից նկարը) եւ այլն: Մի քանի տարի առաջ նման մի փորձ արեց եգիպտագետ Սալլի Էնն Էշթոնը (Sally-Ann Ashton) Քեմբրիջի համալսարանից: Վերջինս, բացի վերոհիշյալ արտեֆակտերը, ուսումնասիրել է նաեւ Պտղոմեոսյանների տոհմածառն ու գենեոլոգիան, ինչպես Դենդերայի տաճարի որմնաքանդակները (Եգիպտոս, տես կից նկարը):
Էշթոնն եկել է այն եզրահանգմանը, որ Կլեոպատրան մեծ քիթ ուներ, բարակ շուրթեր եւ սուր կզակ: Թագուհու հասակը մոտ 152 սմ է եղել, ինչը նորմալ էր այլ ժամանակների հույն կնոջ համար, նա ունեցել է նաեւ ավելորդ քաշ: Եգիպտագետի կարծիքով Կլեոպարտան թուխ մաշկ է ունեցել. իհարկե, առաջին Պտղոմեոսյանները կնության էին առնում միայն իրենց իսկ քույրերին՝ տուրք տալով հազարամյա եգիպտական ավանդույթին եւ այդպիսով իշխանությունն ընտանքի ձեռքում պահելով, սակայն մեզ ոչինչ հայտնի չէ Կլեոպատրայի մոր եւ տատի վերաբերյալ, ուստի հրարավոր է, որ նա եգիպտուհու դուստր կամ թոռ էր:
Էշթոնը բացատրում է. «Հավանական է, որ նա ամբողջովին եվրոպացի չէր: Եկեք չմոռանանք, որ նրա ընտանիքն ապրում էր Եգիպտոսում արդեն 300 տարի, երբ նա գահ բարձրացավ»:
Քեմբրիջի իր կոլլեգայի աշխատանքին թերահավատաությամբ է վերաբերվել Օքսֆորդի համալսարանի եգիպտագետ Ջոն Բեյնսը, նրա կարծիքով այսօրինակ փորձերը պատմական ոչ մի արժեք իրենցից չեն ներկայացնում, քանի որ Կլեոպատրայի՝ մեզ հասած պատկերումները վստահության արժանի չեն:
Նյութի հեղինակ՝ Լիլիթ Բեգլարյան