Հին աշխարհի փառապանծ քաղաքների մեջ մեկն առանձնանում էր գիտությունը հովանավորելու իր հռչակով. խոսքն Ալեքսանդրիայի մասին է:

Քաղաքի հիմնադրման պատմությունը

Քաղաքը հիմնադրել է Ալեքսանդր Մեծը մ.թ.ա. 332թ. իր արեւելյան արշավանքի ընթացքում։ Ալեքսանդրը ոտք դրեց Եգիպտոս պարսից զորքի նկատմամբ հերթական հաղթանակից հետո, որտեղ եգիպտացի քրմերը նրան հռչակեցին իրենց փարավոն եւ գերագույն աստված Ամոն Ռայի որդի: Քաղաքի ճարտարապետն էր Դեյնոկրատոսը, Ալեքսանդրիան տարբերվում էր եգիպտական մյուս քաղաքներից․ այն կառուցվել էր որպես դասական հունական պոլիս:

 

Հռչակավոր գրադարանը

Ալեքսանդրի մտերիմ ընկեր, թիկնապահ ու զինակից Պտղոմեոսը՝ (մ․թ․ա․ 367–283 թթ) Լագոսի որդին, տիրակալի մահից մի քանի տարի անց տեղափոխվեց ու հաստատվեց Եգիպտոսում: Ամենայն հավանականությամբ հենց նրա նախաձեռնությամբ է ստեղծվել հռչակավոր գրադարանը: Հունական քաղաքներում մինչ այդ էլ կային գրադարաններ, սակայն նրանցից ոչ մեկն իր մասշտաբներով չէր կարող համեմատվել Ալեքսանդրիայի գրադարանի հետ: Վարկած կա, որ աթենացի փիլիսոփա Դեմետրիոսն է ոգեշնչել Պտղոմեոսին գրադարանի կառուցման գործում, որն այդ ժամանակ Աթենքից Եգիպտոս էր փախել: Գրադարանի մաս էր նաեւ Ալեքսանդրիայի Մուսեյոնը, որն իրենից ներկայացնում էր գիտակրթական ու գրական հաստատություն: Այստեղ ապրում ու աշխատում էին ժամանակի ամենաերեւելի գիտնականներն ու փիլիոսփաները:

Մի քանի հետաքրքիր փաստ գրադարանի աշխատանքային սկզբունքների վերաբերյալ. քանի որ Ալեքսանդրիայի նավահանգիստ ժամանում էին հարյուրավոր նավեր Միջերկրականի տարբեր ծայրերից, փարավոնի հրամանով նավաստիներից առգրավվում էր ցանկացած տեսակի ձեռագիր՝ արտատպելու նպատակով: Սովորաբար ալեքսանդրիացիներն իրենց մոտ էին պահում բնագիրը եւ նավաստիներին էին վերադարձնում դպիրների կողմից պատրաստված պատճենը:

Գրքերը բաժանավում էին ըստ կատեգորիաների՝ հռետորաբանություն, օրենք, էպոս, ողբերգություն, կատակերգություն, քնարերգություն, պատմություն, բժշկություն, մաթեմատիկա, բնագիտություն եւ այլն: Տարբեր հաշվարկներով գրքերի քանակը հասել է մոտ 700,000-ի: Գրքերն այն ժամանակ հայտնի բոլոր լեզուներից թարգմանվում էին կոինե հունարեն, սակայն քիչ չէր նաեւ հին եգիպտերեն լեզվով պահվող գրքերի քանակը:

Պտղոմեոս I Սոտերի (Փրկիչ) որդի Պտղոմեոս II Ֆիլադելֆոսը (Եղբայրասեր) մ.թ.ա. 283-246 թթ շարունակեց հոր գործը, կրկնապատկեց գրադարանում պահվող գրքերի քանակը: Պտղոմեոս Ֆիլադելֆոսն անձամբ նամակներ էր գրում իր դաշնակից ու բարեկամ մյուս տիրակալներին, օրինակ՝ Սելեւկյան արքաներին՝ խնդրելով իրեն ուղարկել տարբեր պատմիչների, փիլիսոփաների, բժիշկների ու բանաստեղծների ստեղծագործություններ:

Մովսես Խորենացին Պտղոմեոս II-ի մասին գրել է,  «(նա) հարկավոր համարեց բոլոր ազգերի մատյաններն ու վեպերը հունարեն թարգմանելու»:

Հետաքրքրական է, որ Հին Կտակարանն առաջին անգամ եբրայերենից հունարեն է թարգմանվել նույնպես Ալեքսանդրիայում մ.թ.ա. 3-2 դարերի եւ պատմության մեջ մնացել է Սեպտուագինտա կամ Յոթանասունից թարգմանություն անունով:

Փարավոն Պտղոմեոս III Էվերգետը (Երախտալի) (մ.թ.ա. 246/245) Աթենքի գրադարաններից խնդրեց իրեն տրամադրել հույն ողբերգակների՝ Էսքիլեսի, Սոֆակլեսի եւ մյուսների ստեղծագործությունների բնօրինակները՝ արտագրելու նպատակով եւ որպես երաշխիք նրանց հանձնեց 18 տաղանդ, մոտ 150 կգ արծաթ: Արտագրման աշխատանքներից հետո փարավոնը հրաժարվեց աթենացիներին վերադարձնել բնօրինակ ձեռագրերը՝ դրանք Ալեքսանդրիայում պահելով, համարելով, որ արդեն իսկ վճարել է պահանջվող գինը:

Պտղոմեոսյան դինաստիայի անկումից եւ Եգիպտոսի՝ Հռոմի պրովինցիա դառնալուց հետո անգամ, մի քանի հարյուր տարվա ընթացքում Ալեքսանդրիայի գրադարանը շարունակում էր գիտության ու լուսավորության կենտրոն մնալ: Դժվար է միանշանակ պատասխանել, թե ի՞նչը քաղաքի անկման պատճառ դարձավ: Նշենք միայն, որ միայն վերջերս՝ 2002 թ. Bibliotheca Alexandrina գրադարանը բացվեց Ալեքսանդրիայում, որը հավակնում է դառնալ իր պատմական նախատիպի կրկնօրինակը: Այստեղ եւս պահվում են հարյուր հազարավոր, անգամ՝ միլիոնավոր գրքեր, արդեն նաեւ թվային տարբերակով:

Նյութի հեղինակ՝ Լիլիթ Բեգլարյան