
Ապրիլի 26-ին Հանքավանում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված էր հայ և հույն ժողովուրդների մշակութային դարավոր կապերին։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի հունական համայնքների միության, Green Hills Resort հյուրանոցի, «Ափ Ափի», «Վարը Վարենկ» և Ipsilon Drive Tour կազմակերպությունների համագործակցությամբ։
Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Խրիստոս Սոֆիանոպուլոսը, հյուպատոս պարոն Էմմանուիլ Ասիմակոպուլոսը, տնտեսական հարցերով կցորդ տիկին Էֆտիխիա Բակոպուլուն, Հանքավան վարչական տարածքի ղեկավար Արծրուն Գևորգյանը, Հայաստանի հունական համայնքի անդամներ, Լեզվի կոմիտեի ներկայացուցիչներ, ինչպես նաև ազգային պարի սիրահարներ։
Միջոցառման մեկնարկը տրվեց ուխտագնացությամբ դեպի Հանքավանի Սուրբ Գեորգիոս (Գևորգ) հունական եկեղեցի, որտեղ տեղի ունեցավ մոմավառության արարողություն՝ նվիրված հույների շրջանում ապրիլի 23-ին նշվող Սուրբ Գեորգիոսի տոնին։ Մոմավառության ժամանակ եկեղեցում հնչեցին «Αγνή Παρθένε Δέσποινα» և Կոմիտասի «Ազգային օրհներգ» ստեղծագործությունները՝ Ալավերդու «Կալիպոե» հունական երգչախմբի կատարմամբ։
Այնուհետև միջոցառումը շարունակվեց Green Hills Resort հյուրանոցի բակում, որտեղ Գյումրու և Ալավերդու հունական համայնքների գեղարվեստական համույթների ելույթներից հետո անցկացվեցին պոնտական և համշենական պարերի վարպետության դասեր՝ «Ափ Ափի», «Վարը Վարենկ» ազգային երգ ու պարի խմբերի և Հայաստանի հունական համայնքների միության պարուսույցների կողմից։