Մայիսի 25-ին գյումրեցիներն առիթ են ունեցել ծանոթանալու հունական ճաշատեսակներին և համտեսելու դրանք։ Քաղաքի երիտասարդական ակումբում կազմակերպված ազգային ճաշատեսակների ցուցադրությանը մասնակցել են Շիրակի մարզի հույների «Էլլադա» համայնքի անդամները, ներկայացրել հունական կերակրատեսականեր և պատմել դրանց պատրաստման մասին։ Միջոցառմանը մասնակցել են նաև Գյումրում բնակվող այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։

Իսկ դեռևս մարտ ամսին Շիրակի մարզի հույների «Էլլադա» համայնքի պարի համույթը  Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մասնակցել է «Լինա» մշակութային կենտրոնի կողմից կազմակերպված «Տարբեր ազգերի երգեր և պարեր» հանրապետական համերգ-փառատոնին, ներկայացրել հունական ազգային պարեր և արժանացել պատվավոր մրցանակի։