Հույները և սուրճը

Այս 2 հասկացությունները, իմ կարծիքով, այնքան փոխկապակցված են միմյանց հետ, որ առանձնացնելն անհնարին է: Առավոտյան արթնանում են սուրճով, աշխատանքի կամ դասի գնում սուրճը ձեռքին, հեռանում այնտեղից սուրճը ձեռքին, ծովափը վայելում են սուրճով, հանդիպումները կայանում են սուրճի շուրջ, և նույնիսկ օրն է ավարտվում սուրճով՝ անկախ ժամից։

Ինձ համար Հունաստանի սուրճն ամենահամեղն է. ֆրապպե, ֆրեդդո էսպրեսսո, ֆրեդդո կապուչինո և չմոռանանք ամենակարևորը՝  «հունական» սուրճը, որը մեզ համար «հայկական» սուրճն է:

Բայց Հունաստանում սուրճ խմելը պարզապես սովորություն չէ, այն հունական մշակույթի կարևոր մասն է: Ամենօրյա ծես է, որր կարող եք վայելել միայնակ՝ թերթ կարդալիս, ինտերնետում շրջելիս կամ սրճարանում ընկերների հետ, ամռանը՝ ծովափին, ձմռանը՝ հարմարավետ սրճարանում կամ ճանապարհ գնալիս: Սուրճի ընդմիջումները Հունաստանում լուրջ գործ են համարվում և երկար են տևում: Նույնիսկ ժամադրության հրավիրելիս ասում են․ «Կցանկանայի՞ք ինձ հետ սուրճի դուրս գալ»: 

Երկիրը լցված է տեղական երկու տեսակի սրճարաններով։ Առաջինը կաֆետե՛րիաներն են՝ ժամանակակից սրճարանները։ Գարնանը և ամռանը կաֆետերիաների մեծ մասը ապահովում են բացօթյա սեղաններ, իսկ գիշերային ժամերին ծառայում են որպես բար: Կաֆետերիան սովորաբար ունենում է սուրճի մեծ տեսականի, բազմազան ըմպելիքներ և նախուտեստներ:

Հունական սրճարանի մյուս տեսակը կաֆենի՛ոն է, հին ավանդական հունական սրճարանը, որտեղ սովորաբար մեկ բաժակի սուրճ հավաքվում են տարեց տղամարդիկ, զրուցում, նարդի (հույները այն կոչում են տա՛վլի) խաղում և հաճելի ժամանակ անցկացնում:

Հունաստանում ձեր սուրճը պատվիրելիս անպայման պետք է նշեք ձեր նախընտրած քաղցրության չափը: Հենց դրա համար կա հատուկ բառապաշար․ «սկե՛տոս» (առանց շաքարի), «մե՛տրիոս» (մի գդալ շաքարով), «ղլիկո՛ս» (քաղցր, 2 գդալ շաքարավազ) կամ «վարի՛ ղլիկո՛ս» (շատ քաղցր): Եթե ​​չափը չեք նշում, ապա սուրճը սովորաբար մատուցվում է չափավորից մինչև քաղցր:

Այսպիսով, Հունաստանը սրճասերների համար իսկական դրախտ է։ Եվ եթե գնացել եք Հունաստան, ապա անպայման փորձե՛ք նշված սուրճերից որևէ մեկը։ Վստահ եմ՝ կգտնեք ձեր ճաշակին համապատասխան սուրճը: Եվ մի՛ մոռացեք դրանով վայելել հունական ապրելաոճը, այլապես հաճույքը կիսատ կլինի:

Խորհուրդներով և տպավորություններով կիսվեց Էլեն Հախվերդյանը

«Ձեռնարկի» առաջին մասը կարդացեք այստեղ։