Հին Աշխարհի մեծագույն գաղտնիքներից մեկը կապված է Մակեդոնիայի արքա Ալեքսանդր Մեծի դամբարանի անհետացման պատմության հետ: Պատմագիրների վկայություններից մեզ ստույգ հայտնի է, որ 33-այմա զորավարը մահացել է մ.թ.ա. 323 թ իր աշխարհակալ տերության մայրաքաղաք Բաբելոնում, եւ որ արքայի մահից շատ չանցած քաղաքացիական պատերազմ է սկսվել նրա մտերիմ զորականների՝ դիադոքոսների միջեւ:
Արքայի երազանքը
Ավանդության համաձայն, այն բանից հետո, երբ Ալեքսանդր Մեծը նվաճեց Եգիպտոսը եւ այցելեց Սիվա օազիսում Ամոն Ռայի սրբավայր, ցանկություն հայտնեց մահից հետո Եգիպտոսում թաղված լինելու: Արքայի մտերիմ ընկեր եւ թիկնապահ Պտղոմեոսը, որին վիճակված էր տիրակալի մահից հետո Եգիպտոսում իշխելու, ցանկանում էր ամեն գնով ամրապնդել իր դիրքերը փարավոնների երկրում եւ այդ նպատակով գողացավ արքայի սարկոֆագն ու տեղափոխեց Մեմֆիս: Կարճ ժամանակ անց Ալեքսանդրի համար կառուցվեց շքեղագույն դամաբարան նրա իսկ կողմից հիմնադրված Ալեքսանդրիա քաղաքում, որն անմիջապես դարձավ հելլենիստական աշխարհի ամենահայտնի ուխտատեղիներից մեկը: Հին աշխարհի անվանի շատ զորավարներ եւ կայսրեր՝ Հուլիոս Կեսարը, Օգոստոսը, Կալիգուլան, Հադրիանոսը, Կարակալան եւ շատ ուրիշներ եղել են Ալեքսանդրի դամբարանում, Օգոստոսը ծաղիկներ ու ոսկե թագ է նվիրաբերել արքայի գերեզմանին, իսկ Կալիգուլան եւ Կարակալլան թալանել են արքայի զարդերն ու զենքուզրահը:
Ալեքսանդր Մեծի դամբարանն Ալեքսանդրիայում պահպանեց իր գոյությունը շուրջ վեց դար, սակայն մ.թ. IV դարից ի վեր իսպառ բացակայում են նրա վերաբերյալ վկայությունները: Մակեդոնիայի արքայի գերեզմանի գտնվելու վայրի մասին իր վարկածով հանդես է եկել գիտնական դոկտոր Էնդրյու Չագը, (Dr Andrew Michael Chugg), «Ալեքսանդր Մեծի կորած գերեզմանը» (The Lost Tomb of Alexander The Great) գրքի հեղինակը: Այդ մասին հաջորդիվ:
«Արգելված դամբարանը»
Ինչպես արդեն նշվեց, Ալեքսանդր Մեծի դամբարանը պահպանեց իր գոյությունը շուրջ 600 տարի:
Այն բանից հետո, երբ մ.թ. 392 Թեոդոսիոս Ա կայսրի օրոք Հռոմեական կայսրության միակ կրոն դարձավ քրիստոնեությունը (Եգիպտոսն, ինչպես հայտնի է, Հռոմեական կայսրության պրովինցիա էր Օգոստոս կայսրի ժամանակներից ի վեր), արգելվեցին հեթանոսական գրեթե բոլոր տոներն ու ծեսերը, ավերվեցին մեհյանները, արգելվեցին Օլիմպիական խաղերը: Հասկանալի է, որ Հին Աշխարհի մեծագույն տիրակալի դամբարանը այլեւս ընկալվում էր որպես թշնամական հավատքի եւ երբեմնի փառքի վկայություն. Ալեքսանդրը պաշտվում էր հելլենիստական աշխարհում իբրեւ Զեւս – Ամոնի որդի, աստվածներին հավասար: Նույն ժամանակաշրջանում Ալեքսանդրիայում հայտնվում է մի նոր սրբավայր՝ սուրբ առաքյալ եւ ավետարանիչ Մարկոսի գերեզմանը, որտեղ էլ եկեղեցի է կառուցվում:
Դր. Էնդրյու Չագը նշում է, որ հեթանոսները սուրբ Մարկոսին կրակի վրա այրել են մ.թ. 68 թվականին (այլ աղբյուրներում 63թ.) Ալեքսանդրիայում, եւ հավանական է, որ սրանից մոտ երկուսուկես դար անց Ալեքսանդր Մեծի մումիֆիկացված մարմինը հավատացյալներին ներկայացվել է որպես սուրբ Մարկոսի մասունք: Չագի խոսքերով պատմական ոչ մի վկայություն չկա առ այն, որ սուրբ Մարկոսի մարմինը մումիֆիկացվել է եւ, այնուամենայնիվ, մ.թ. 391թ. հայտնվում են առաջին հիշատակություններն Ալեքսանդրիայում գտնվող սուրբ Մարկոսի շքեղ դամբարանի վերաբերյալ, որն Ալեքսանդր Մեծի դամբարանի տեղում էր: Առաջին քրիստոնյաները փորձում էին ջնջել քաղաքի հեթանոս անցյալի վերաբերյալ բոլոր հիշողությունները, իսկ հեթանոս արքայի գերեզմանն այդ հիշողություններից ամենախորհրդանշականն էր:
820թ. երբ Եգիպտոսը եւ Ալեքսանդրիան գրավվեցին մահմեդական արաբների կողմից, սկսվեց Հյուսիսային Աֆրիկայի իսլամականացումը: Դրան զուգահեռ Միջերկրականի մյուս ափին հզորանում էր Վենետիկյան հանրապետությունը, որը հայտնի էր առաջին հերթին իր ծովագնացներով: Վենետիկցի նավաստիներն Ալեքսանդրիայի եկեղեցուց գողացան Սուրբ Մարկոսի մասունքները և տեղափոխեցին Վենետիկ ՝ հուղարկավորելով դրանք նոր կառուցված պերճաշուք տաճարում: Այսօր Վենետիկի սրտում գտնվող սուրբ Մարկոսի տաճարը կաթոլիկ աշխարհի կարեւորագույն սրբավայրերից մեկն է. անհավանական է հնչում, սակայն չի բացառվում, որ տաճարում հուղարկավորվածը ոչ թե սուրբ Մարկոսն, այլ հենց ինքը՝ Ալեքսանդրն է:
Ինչեւէ, դր. Էնդրյու Չագի ենթադրությունը դեռեւս չի ապացուցվել եւ հավանական է, որ երբեք էլ չապացուցվի եւ չհաստատվի հնագետների կողմից, սակայն գիտնականի հետ համակարծիք մասնագետների թիվը պատկառելի է: Բացի վերոհիշյալ գիրքը, դր. Չագը հրատարակել է եւս մեկը՝ «Վերջին փարավոնների կորած գերեզմանները» (The Lost Tombs of the Last Pharaohs), որտեղ եւս մեկ անգամ փորձել է հաստատել իր վարկածը:
Միգուցե մենք շատ շուտով կդառնանք ականատեսը նրա, թե ինչպես է բացահայտվում Ալեքսանդր Մեծի կորած գերեզմանի գաղտնիքը:
Նյութի հեղինակ՝ Լիլիթ Բեգլարյան