Բաշքանդ գյուղը գտնվում էր Կատարի /Ղաթարի/ և Կավարտի արանքում՝ նշանավոր Կռկոռա լեռան փեշերի չքնաղ բնության գրկում: Հունական այս բնակավայրը ստեղծվել է 19-րդ դարի կեսերին: 1853 թվականին, հույն արդյունաբերող Խարլամպի Կոնդուրովը կառուցեց Կավարտի պղնձաձուլարանը՝ աստիճանաբար մեծացնելով հզորությունը: Տրապիզոնից այստեղ բերվեցին հարյուրից ավելի հույն բանվորներ, որոնք այստեղ հաաստատվեցին և տներ կառուցեցին իրենց համար: Հույները կառուցեցին նաև հիդրոկայան, հացի փուռ, բացեցին տնտեսական խանութներ, հիմք դրեցին բարերարությանը (կառուցել են Կավարտի դպրոցը), հիմնեցին այգիներ:
1865-ին Կոնդուրովները կառուցեցին հունական Սուրբ Խարալամբոս եկեղեցին, որին տեղացիներն անվանում էին «Բերձենների եկեղեցի»: Եկեղեցին կա մինչ այսօր՝ կիսավեր վիճակում: Գմբեթավոր շինություն է՝ կառուցված ոչ տեղական, մուգ դարչնագույն տուֆաքարի և բազալտի համադրումով։ Քիվերի, պատուհանների շրջանակների և զարդագոտիների համար սպիտակադեղնավուն կրաքարի օգտագործումը ուշագրավ գունային երանգ են հաղորդել կառույցին։ Եկեղեցու արևմտյան ճակատին կից է զանգակատունը։
Այստեղ է գտնվում նաև եկեղեցին կառուցած շինարար-վարպետի դամբարանը։
1918-1920 թթ , խորհրդային կարգեր հաստատվելու ժամանակ հույները, 70-տարուց ավելի բնակվելով այդ տարածքում, հեռացել են Բաշքանդից ու Կապանից, հաստատվել Երևանում, Թբիլիսում, Հյուսիսային Կովկասում: Գյուղը վերաբնակեցվել է հայերով: